Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհին դեպրեսիայի մեջ է

Օգոստոս 03,2012 14:06

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Լիլիթ Հակոբյանը, չնայած հզոր ձայնին, ստվերում  է

Հաճախ օպերային արվեստին հարիր, բնությունից իսկապես տրված հզոր ձայն ունեցող արտիստների կարիերան ինչ-ինչ պատճառով կարծես չի կայանում: Օրինակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցո-սոպրանո Լիլիթ Հակոբյանը, 1987թ., դեռեւս լինելով Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանող՝ անվանի մանկավարժ Սերգեյ Դանիելյանի դասարանում, հրավիրվում է թատրոն՝ հենց հզոր ձայնի համար: Սակայն երգչուհին մինչ օրս հանդես է եկել ընդամենը երկու մեծ դերերգերով՝ Վերդիի օպերաներում՝ «Տրուբադուրում»՝ Ազուչենա եւ «Աիդայում»՝ Ամներիս: Թեեւ ընդունված է ասել, որ փոքր դերեր կամ դերերգեր չեն լինում, սակայն Լիլիթը մարմնավորել է նաեւ Անուշի ընկերուհու եւ Սարոյի մոր փոքր դերերգերը՝ Տիգրանյանի «Անուշում»:

Երգչուհին մասնակցել է հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Ֆրանսիայի Թուլուզ եւ Սիցիլիայի Ռագուզա քաղաքներում, ինչպես նաեւ ունեցել մենահամերգներ:

Այս թատերաշրջանի ավարտին նրա Ամներիսի կատարումից հետո մասնագետներն ու հանդիսականները ափսոսանք էին հայտնում, թե ինչպես նման ձայն ունեցող երգչուհին ստվերում է մնացել:

«Առավոտը» արվեստագետի հետ հանդիպման ժամանակ նույն մտահոգությունը հայտնելով՝ ստացավ հետեւյալ պատասխանը. «Լա Սկալայից» հետո չեմ կարողանում դուրս գալ դեպրեսիայից»: Խնդրանքին՝ ասածը մանրամասնել, Լիլիթը պատմեց իր «գլխով անցածը». «2009թ., երբ «Լա Սկալայի» հայտարարած լսումների արդյունքում, որին, ի թիվս մի քանի հարյուր երգիչների՝ ես էլ էի ուղարկել ձայնագրությունս CD-ի տեսքով, ստացա հրավեր: Գարնանը մեկնեցի: Այդ հռչակավոր թատրոնի գեղարվեստական ղեկավար Լուկա Տորջետը ասաց, որ լսումների արդյունքում իրենք ընտրել են 10 երգչի, սակայն հավանություն են տվել 3-ին, այդ թվում եւ ինձ, ու աշնանը պետք է մասնակցեմ վոկալի մեկամսյա դասընթացի: Մինչ աշուն «Լա Սկալայի» ողջ ղեկավարությունը փոխվեց, բայց դա չէր խոչընդոտի մեկնելուս, եթե ունենայի պահանջվող նվազագույն գումարը, ինչը ինձ համար փոքր թիվ չէ»: Հարցապնդմանը՝ ի՞նչ գումար էր դա կազմում, Լիլիթն ասաց, որ շուրջ 2000 եվրո, հավելելով, որ ինչպես առաջին անգամ, երկրորդ այցելությունն էլ սեփական միջոցների հաշվին պետք է լիներ:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ մինչ «Լա Սկալա» մեկնելը մասնակցել է Իտալիայում ավանդաբար անցկացվող «Վերդիանային», որի ժյուրիի նախագահ Խոսե Կարերասը հայ երգչուհուն «դիտողություն» է արել, ասելով, թե նման հզոր ձայն ունեցող վոկալիստը պետք չունի մրցույթների, փոխարենը պետք է մասնակցի հայտնի թատրոնների կողմից անցկացվող այս կամ այն մեներգի համար հայտարարված լսումներին: Լիլիթը նշեց, որ նույնը իրեն քանիցս ասել է նաեւ անվանի տենոր Գեղամ Գրիգորյանը:

Հարցին՝ այդքանից հետո ի՞նչ հետեւություն եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Լիլիթ Հակոբյանը պատասխանեց, որ անցյալ ձմեռ լսումների հրավեր է ստացել հայտնի «Արենա դի Վերոնա» թատրոնից, սակայն դարձյալ չի մեկնել՝ գումարի պատճառով: Նշենք, որ զրույցի ընթացքում երգչուհին քանիցս կրկնեց, որ «Լա Սկալայի» լսումներին չմասնակցելու պատճառով այդպես էլ չի կարողանում դուրս գալ դեպրեսիայից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031