Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փորձում են նսեմացնել ՆՓԱԿ-ի դերը»

Օգոստոս 03,2012 14:02

ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Բալասանյանը՝ կենտրոնի անցած ուղու եւ հոբելյանի մասին

Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական ցուցահանդեսներից մեկը՝ «Ուղտասարից մինչեւ մեր օրերը» խորագրով, կբացվի այսօր:

ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ ցուցահանդեսի համադրող Էդուարդ Բալասանյանը հիշում է 1992 թվականը, երբ 9 արվեստագետների հետ միասին բացեցին առաջին ցուցահանդեսը. «Նրանց ես անվանել եմ ռահվիրաներ: Նրանք մարդիկ էին, որ հավատացին էս գործին: Այնուհետեւ հաջորդեցին մյուս 5 ցուցահանդեսները»: Պարոն Բալասանյանն ասում է, որ այսօրվա ցուցահանդեսը անդրադարձ է անցումային շրջանի արվեստագետներին, իսկ ամենակարեւոր պատգամն այն է, որ ոչինչ մշակույթի ասպարեզում անկախ չէ՝ միջավայրից ու պատմությունից:

Հայաստանում 1960-ականներից սկսեցին երեւան գալ արեւմտյան ժամանակակից արվեստի զանազան ոճերով ստեղծված աշխատանքների ցուցահանդեսներ, եւ այդ զարգացումների տրամաբանական արդյունքն էին Ժամանակակից արվեստի թանգարանը, «Սեւ քառակուսի», «Երրորդ հարկ», «ԱԿՏ» խմբավորումները, ապա ՆՓԱԿ-ը:

Ցուցահանդեսում ներկայացվում են նաեւ 20-րդ դարի հայ ժամանակակից արվեստի 4 հիմնասյուները՝ Սարյան, Քոչար, Մինաս, Փարաջանով: Ինչ վերաբերում է Ժամանակակից արվեստի թանգարանին, այն ցուցահանդեսում ներկայանում է որպես «Լուսաբացի նշույլներ»: Հանդիսատեսը կարող է տեսնել, թե ինչ է արել ՆՓԱԿ-ն առաջին 5 տարիներին եւ ինչպես է 95-ին այս կենտրոնի միջոցով «ոտք դրել» Բիենալե եւ դա շարունակել 8 անգամ՝ 16 տարի: Բալասանյանի խոսքով՝ կան բոլոր ֆոտո եւ վիդեո փաստերը, որոնցից որոշները տեխնիկական պատճառներով շատ պրիմիտիվ են: «Վավերագրական նյութերին զուգահեռ՝ հրավիրել ենք 10-12 արվեստագետի (Արեւիկ Արեւշատյան, Սամվել Բաղդասարյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, Համլետ Հովսեփյան, Հովհաննես Մարգարյան, Կարինե Մացակյան, Ալեքսանդր Գրիգորյան, Սոնիա Պալասանյան), որոնք բերել են ինստալացիաներ: Ընդ որում, խնդրել եմ հնարավորության դեպքում էն ժամանակվա գործերը բերել, կամ գործեր անել նույն շնչով: Օրինակ՝ Արթուր Սարգսյանը նույն աշխատանքն է ներկայացնում, որը 95 թվին ցուցադրել էր ու հարուցել վեհափառի զարմանքը… Սոնիայից հետաքրքիր աշխատանք ենք դրել, որը քաղաքական բնույթ ունի, բայց ոչ ուղղակի իմաստով. բրոնզից ձուլված 6 ոսկեգուն գառան գլուխ է պատին փակցված, եւ վիդեոներ են գնում՝ մայուն, բառաչ…: Մեկը կարող է ասել, հա իբր ի՞նչ, գառան գլուխներ են, բայց գառն այդտեղ երկու սիմվոլ ունի, մեկը հնազանդության՝ մեր մշակույթի մեջ, մյուսը ոսկի գառան պաշտամունքն է հունական առասպելաբանությունից հայտնի: Հովհաննես Մարգարյանի աշխատանքն էլ ինքնատիպ է: Երբ տարիներ առաջ ամերիկյան լրտեսական օդանավը որ խփեցին, Հայաստանում ընկավ, արվեստագետը դրա կտորները հավաքել է ու իր գործն է ստեղծել»,- նշում է մեր զրուցակիցը:

Նա հուսով է, որ 20-ամյա ՆՓԱԿ-ի առաքելությունը շարունակական կլինի՝ արվեստագետների երեք սերունդ են տվել, երիտասարդներին՝ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն: Բալասանյանն ասում է, որ թեեւ շատերը փորձում են նսեմացնել ՆՓԱԿ-ի դեր, բայց փաստ է, որ այն տեսակի մեջ բացառիկ է տարածաշրջանում, իսկ քաղաքակիրթ երկրներում նման կենտրոնները աջակցություն են ստանում մշակութային ֆոնդերից ու չեն վերահսկվում: ՆՓԱԿ-ի հիմնադրի ասելով, իրենց տարածքը տրամադրել է պետությունը, ժամանակին եղած խնդիրները հարթվել են, բայց ապահովագրված չեն նոր խնդիրներից: «Մեկ լուրջ ուրիշ խնդիր էլ կա՝ նման ալտերնատիվ կազմակերպություններ հովանավորության պետք ունեն, որովհետեւ էքսպերիմենտալ արվեստը վաճառվող արվեստ չէ, որից փող աշխատես, ուրեմն պետք է որոշակի հովանավորություն լինի: Մյուս կողմից էլ՝ հովանավորության հետ միասին գալիս է կոնտրոլը, ինչը ցանկալի չէ: Քաղաքակիրթ երկրները լուծել են այս խնդիրը, օրինակ՝ ԱՄՆ-ում մշակույթի նախարարություն չկա, բայց կա արվեստի ազգային ֆոնդ, եւ գումարը պետությունը տալիս է կոնկրետ կազմակերպությանը, բայց հսկողությունը վերապահված է մասնագետներին: Այ եթե Հայաստանում էլ այդպես լիներ, ամեն ինչ այլ կլիներ: Այսօր մենք ծայրահեղ վիճակում ենք, որովհետեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդել է բարերարների վրա, եւ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Կարծում եմ՝ մեր իշխանությունները պետք է հասնեն այն մակարդակին, որ մտածեն, թեկուզ այս արվեստը, մշակույթի գործիչը քննադատում է ինձ, բայց պետք է իրեն հնարավորություն տալ արտահայտվելու, որովհետեւ դա հասուն հասարակության նշան է»,- ասում է ՆՓԱԿ-ի հիմնադիրը: Նաեւ հավելում, որ առանձնապես չեն էլ «գրաքննվում», մի անգամ սափրագլուխներ են եկել ու բողոքի ակցիա իրականացրել ՆՓԱԿ-ի մոտ, մի անգամ էլ ամերիկյան լրտեսական օդանավի պրոյեկտի ժամանակ փողկապավոր է իրենց այցելել ու խնդրել 17 սպանվածների ցանկը, իրենք էլ տեսագրությունն են տրամադրել. «Հասկացանք, որ այդ փողկապավորը այն մարդը չէր, ով հետաքրքրված է ժամանակակից արվեստով, վիդեոն տրամադրեցինք, նայեց, նշումներ արեց- գնաց: Հասկանալի էր, որ համակարգից էր ու եկել էր ինֆորմացիա տանելու»:

Բալասանյանն ասում է, որ հոգեւոր տեսանկյունից իրենց 20-ամյա ջանքերը կարելի է փոխհատուցված համարել: Ինչ վերաբերում է սեպտեմբերին բացվելիք Սոնիա Պալասանյանի համադրած «9+20» ցուցահանդեսին, այն էլ կներկայացնի այսօրվա ժամանակակից արվեստը: Էդուարդ Բալասանյանն ասում է, որ ՆՓԱԿ-ում քննադատություններին նորմալ են վերաբերվում, եթե, իհարկե, դրանք առողջ են. «Մերոնց մեջ բարի կամ չար նախանձի խնդիր կա, մի օր մի արվեստաբան, որը հեղինակություն է համարվում, գրել էր, թե ոչ ոք չգիտի՝ ՆՓԱԿ-ի փողերը որտեղից են գալիս: Իրականում ՆՓԱԿ-ը միակ տեղն է Հայաստանում, որտեղ բարերարների անունները պատին են փակցված, մեր փողն էդտեղից է գալիս, մեզ մոտ ամեն ինչ բաց է եւ հանրային»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031