Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե°ղ է թերացել ՀՀ ԱԳՆ-ն

Օգոստոս 03,2012 13:57

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր վերլուծելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ նկատեց, որ ներկայումս այս զարգացումներում գոյություն ունեն երկու կարևոր հանգամանքներ. «ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հրաժարականը ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական է, այլ այսպիսով նա ցույց է տալիս, որ հետագա խաղաղապահ գործունեությունը Սիրիայի ճգնաժամում հեռանկարներ չունի: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հենց այժմ լրատվամիջոցներում տեսնում ենք ինֆորմացիոն արտահոսք այն մասին, որ Օբաման ԱՄՆ հետախուզական ծառայություններին պատվիրել է աջակցել Սիրիայի ապստամբական ուժերին: Հասկանում ենք, որ այս աջակցությունը երկար ժամանակ է տեղի ունենում, բայց միայն այժմ է այս լրատվության արտահոսքը տեղի ունենում, սա միտումնավոր է արվում ԱՄՆ իշխանությունների կողմից: Իրենք այդպիսով ցույց են տալիս, որ վճռականորեն աջակցելու են Սիրիայի ապստամբական ուժերին»:

Ռ. Սաֆրաստյանը նկատեց, որ նշված զարգացումները բավականին ծանր հետևանքներ են ունենալու: Նրա կանխատեսմամբ՝ սկսվում է Սիրիայում հակամարտության մեկ նոր փուլ, որտեղ կոմպրոմիսային տարբերակների հնարավորություն համարյա գոյություն չունի:

Թուրքագետը նկատում է, որ Սիրիայում իրադրությունը ավելի շատ ոչ թե ռազմական, այլ քաղաքական առումով է սրված: Նա մանրամասնեց. «Որևէ կտրուկ հայտարարություն հայ համայնքի կողմից կարող է վտանգել համայնքի ճակատագիրը»:

Պարոն Սաֆրաստյանը կարծում է, որ այս շրջանում Հայաստանը պետք է շատ զգուշավոր լինի: Սիրիական ճգնաժամի արագ հանգուցալուծում ևս թուրքագետը չի տեսնում: Հարցին՝ արդյոք ՀՀ-ի կողմից բավարար քայլեր ձեռնարկվում են սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Տպավորություն ունեմ, որ որոշակի աշխատանք արվում է: Սակայն իմ կարծիքով, բացի աշխատանքից կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք մեծ սփյուռք և սփյուռքահայերի համար շատ կարևոր է, որ նրանք համոզված լինեն, որ կա մի երկիր, որ իրենց հայրենիքն է և որը չնայած ուժեղ, հզոր ու մեծ չէ , բայց իր ուժերի շրջանակում միշտ իր կողքին կլինի: Իսկ այս ուղղությամբ մեր ԱԳՆ-ն դեռ անելիքներ ունի»:

Անդրադառնալով Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ Ռ. Սաֆրաստյանը նկատեց. «Ով էլ Սիրիայում հաղթողը լինի, Թուրքիան հաղթող դուրս չի գա, այլ կլինի ավելի թուլացած: Կարծես թե Թուրքիայում գնալով ուժեղանում են այն ուժի կենտրոնները, որոնք գտնում են, որ Թուրքիայի վարած այժմյան քաղաքականությունը սխալ է»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031