Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքը Վճռաբեկ դատարանում է

Օգոստոս 03,2012 13:51

Բենիամին Սոխրաբյանցն անցյալ տարվա փետրվարի 17-ին ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել էր:

3 օր հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Նրա նկատմամբ հարուցված քրեական գործն էլ հուլիսի 18-ին ուղարկվել էր դատարան:

Այս տարվա ապրիլի 28-ին Բենիամինը դատապարտվել էր ազատազրկման 4 տարի ժամկետով, նա մեղավոր էր ճանաչվել Քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կատարած հանցագործության համար:

Այդ դատավճռի դեմ էլ բողոք էր բերել նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լեւոն Պողոսյանը:

Իսկ գործի մանրամասներն այսպիսին են: Բ. Սոխրաբյանցը բանակից գալով արձակուրդ, իր ընտանիքից տեղեկացել է, որ եղբոր հարսանիքի քավորը՝ Ս. Հակոբյանը, պարտք է 200 դոլար, եւ չի վերադարձնում:

Բենիամինը հանդիպել է քավորին, որը դարձյալ խոստացել է տալ պարտքը:

Բենիամինի արձակուրդը վերջացել է, եւ նա մեկնել է ծառայության:

Զինվորական ծառայությունն ավարտվել է, նա եկել է տուն, սակայն պարզել է, որ պարտքը դեռ չի տրվել: Ըստ գործի նյութերի, ընդհանուր ծանոթների մոտ զայրացած Բենիամինը հայհոյել է քավորի հասցեին, ինչի մասին հասցրել են նրա որդուն՝ Մուշեղին, որն էլ բջջայինով զանգել եւ հանդիպում է նշանակել  Բենիամինի հետ:

Սոխրաբյանցները՝ երեք եղբայրներով գնացել են հանդիպման՝ Աբովյանի «Կոնվերս բանկի» մասնաշենքի դիմացի տարածք, ուր հանդիպել են Մ.Հակոբյանին:

Սկսվել է քաշքշուկ, «եւ այդ ժամանակ էլ Բ. Սոխրաբյանցը գետնից վերցնելով չպարզված կտրող-ծակող գործիքը՝ հարվածել է Մուշեղ Հակոբյանի որովայնին, նրան պատճառելով առողջությանը ծանր վնաս»: Այն գնահատվում է կյանքին սպառնացող վտանգ:

Պաշտպան Լ. Պողոսյանը շեշտում է, որ իր պաշտպանյալը գտնվել է բարոյահոգեբանական ճնշման տակ, տվել է քննիչի թելադրանքով ինքնազրպարտչական ցուցմունքներ, չի ունեցել պաշտպան եւ չի ստացել իրավաբանական օգնություն, իսկ որ, ըստ պաշտպանի, «ենթադրյալ տուժող Մուշեղ Հակոբյանն էլ հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է գետնին վայր ընկնելու հետեւանքով»:

Վերաքննիչ դատարանը հուլիսի 9-ին մերժել է պաշտպանի բողոքը եւ առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ: Դատարանը հանգել էր այն եզրակացության, թե Բենիամինի՝ իրեն մեղավոր չճանաչելը չի նշանակում, թե նա այդ հանցանքը չի կատարել:

Բ. Սոխրաբյանցի պաշտպանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031