Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը զբաղված է մանր ինտրիգներով»

Օգոստոս 03,2012 13:43

Համոզված է «Հարսնաքարի» գործով փաստաբանը

«Ոստիկանությունը գործով զբաղվելու փոխարեն՝ զբաղված է մանր ինտրիգներով եւ ստախոսությամբ: Փաստը մնում է փաստ, որ գործընթացները ձգձգվում են. տուժողի իրավահաջորդի ճանաչման գործընթացը բավականին ձգձգվեց, հիմա էլ գործի նյութերի շուրջ են ինտրիգներ ստեղծվում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը փոխանցեց «Հարսնաքարի» գործով փաստաբան Լուսինե Տարիելի Հակոբյանը: Հիշեցնենք, որ այս օրերին ոստիկանությունը տարբեր պատճառաբանություններ է բերում այն մասին, թե ինչու Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին հնարավորություն չի տրվում ծանոթանալ «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերին ու նյութերին: «Եթե իրենք իրոք շահագրգիռ են հրապարակային եւ արդյունավետ քննություն անցկացնելու, ապա ի՞նչն է խնդիրը, որ մեր առջեւ նման խոչընդոտներ են ստեղծվում»,- ասաց փաստաբանը: «Առավոտի» հարցին՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խնդիրը, ոստիկանությունը շահագրգիռ չէ՞ հրապարակային քննություն անցկացնելու, Լուսինե Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ՝ ոչ, շահագրգիռ չեն: Այս ամենից դա է երեւում: Քննիչը նամակի վրա կարող է գրել՝ մեր թվարկությունից առաջ 7-րդ դար, բայց այլ հարց է, թե դա երբ է հանձնվել փոստին: Իսկ դա փոստին հանձնվել է ամսի 30-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, ստացող փոստը ստացել է հաջորդ օրը՝ 17-ի մոտակայքում: Հետեւաբար, այդ ժամին մենք չէինք կարող արդեն ծանոթացած լինել»: Գործով մյուս փաստաբան Տիգրան Եգորյանն էլ ոստիկանության պահվածքի վերաբերյալ ասաց. «Իրենք խառնվել են իրար ու ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ աշխատում են, բայց այնքան ապաշնորհ են դա անում, որ իրենց դեմ է աշխատում: Բայց իրականությունն այն է, որ մինչեւ օգոստոսի 2-ը մենք ոչ մի գրություն չենք ստացել»:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, ում գլխավորած բաժնում էլ ընթանում է նախաքննությունը, հայտարարել է, որ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքար»-ի գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, եւ եթե նախկինում նրանց քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ՝ երեք: Փաստաբանները «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ ոստիկանության այդ հայտարարությանն իրենք կանդրադառնան ավելի ուշ, երբ գործի նյութերին ամբողջական ծանոթանալու հնարավորություն կունենան: Տիգրան Եգորյանը միայն նկատեց. «Այդ գործողությունը պետք է արվեր այն պահին, երբ մահը գրանցվեց»:

Մեղադրանքների տարբերությունը հետեւյալն է՝ եթե նախկինում մեղադրանքն ուներ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» ձեւակերպումը, ապա նոր ձեւակերպումն է՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Տարբերություն կա նաեւ առաջարկվող պատժաչափերի առումով: Քանի որ ավելացել են երկու հոդվածներ, ենթադրվում է, որ այդ հոդվածների համար նախատեսված պատժաչափերը կգումարվեն, ու կառաջարկվի ավելի երկար պատժաչափ: «Նախկինում նրանց մեղադրանքը առաջադրված էր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում էր նրանում, որ մի խումբ անձանցով մի քանի անձանց առողջությանը պատճառել են ծանր վնաս։ Հիմա արդեն մեղադրանքները փոփոխվել են։ Մասնավորապես, փոփոխման հիմք է հանդիսացել այն, որ մարմնական վնասվածքի հետեւանքով Վահե Ավետյանը, դժբախտաբար, մահացել է»,- ասել է Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ մեղադրանքների փոփոխման հիմք է հանդիսացել նաեւ այն, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզել են. 5 տուժողներից երկուսին՝ Արտակ Բայադյանին ու Գարիկ Սողոմոնյանին, պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ մյուս երկուսի՝ Արկադի Աղաջանյանի ու Էդգար Նիկոյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք նաեւ, որ հուլիսի 23-ին Ազգային ժողովի ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները «Հարսնաքարի» վերաբերյալ 10 հարցերից բաղկացած հարցաշար էին ներկայացրել՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու դատախազությանը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ տասն աշխատանքային օրերի ընթացքում հարցաշարի պատասխանները պետք է պատկան մարմինների կողմից տրամադրվեն ԱԺ պատգամավորներին: Քանի որ հարցաշարը հրապարակվեց օրվա վերջում, տասնօրյա ժամկետը լրանում է այսօր՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Երեկ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դեռեւս որեւէ արձագանք չեն ստացել: «Հիմա ԱԺ աշխատակազմի մի մասն էլ է արձակուրդում, հնարավոր է նաեւ այդ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ մի քանի օր ձգվի»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: Իսկ ՀՀ դատախազության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան Aravot.am-ի հարցադրման, ասացին, որ հարցաշարը պաշտոնապես ստացվել է եւ դեռ քննարկման փուլում է: Արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031