Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն կարող ենք տարբեր մոտեցում ունենալ»

Օգոստոս 03,2012 13:36

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ ներկուսակցական մոտեցումների մասին

«Բոլոր հայերի հայրենիքն է Հայաստանը, առավել եւս՝ Վանո Սիրադեղյանի, որը ոչ երկրորդական անձ է եղել մեր պետության համար: Անշուշտ, ցանկանում եմ, որ բոլորը վերադառնան Հայաստան, այդ թվում՝ նաեւ գրող, լուրջ գրական ստորագրություն ունեցող գործիչ Վանո Սիրադեղյանը, իսկ եթե իրավական խնդիր կա, դա իրավական դաշտում պետք է լուծել, բայց ցանկալի է, որ դա լինի մեր պետության մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ այդ հարցում տարակարծություններ կա՞ն «Ազատ դեմոկրատների» հետ, որովհետեւ հարցազրույցներից մեկում դժգոհություն կար, որ «Ազատ դեմոկրատներ»-ն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալու նախաձեռնության վերաբերյալ, մինչդեռ խնդիրը «Ժառանգության» հետ չի քննարկվել՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Որեւէ դժգոհություն չկա, որեւէ տարակարծություն չկա, բայց ես կարծում եմ, որ դա կուսակցական հարց չէ եւ կուսակցական մոտեցումներով չպետք է լինի: Գործ ունենք անհատ մարդու հետ, եւ կապ չունի՝ կուսակցության անդամներ են, ղեկավար են, իմ դիտարկմամբ՝ ճիշտ կլինի, որ անհատական մոտեցում լինի: Անհրաժեշտություն չեմ տեսնում, որ հարցը պետք է կուսակցականացվի: Ընդհակառակը՝ կարծում եմ, որ դա կարող է խոչընդոտել ինչ-որ առումով: Երբ հարցը քաղաքականացվում է, կուսակցականացվում է, դա բերում է հակադրությունների, տարակարծությունների, որը չեմ կարծում, որ օբյեկտիվ դաշտ է: Իհարկե, դա իրենց որոշելիք հարցն է, եթե իրենք այդ մոտեցումն ունեն՝ թող այդպես լինի»:

Մեր հարցին՝ հիմա քաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է, որ «Ազատ դեմոկրատները» ոչ միշտ է սատարում «Ժառանգության» որոշումները, դուք մի թիմ եք, այս տարբեր մոտեցումները կուսակցության ներսում խնդիրներ չե՞ն առաջացնում՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չէ, տարբերությունը տեսնում են նրանք, որոնք չեն ուզում դիտել, որ երկու տարբեր կուսակցություններ կան, որոնք միասին մասնակցել են ընտրությունների, բայց առանձին կուսակցություններ են, եւ բնական է, որ իրենք կարող են տարբեր մոտեցումներ ունենալ: Ես այդտեղ որեւէ բան չեմ տեսնում, որեւէ խնդիր չի հարուցում: Բնական է, որ առանձին հարցերում մենք կարող ենք երբեմն տարբեր մոտեցումներ ունենալ»:

«Ազատ դեմոկրատների» անդամ եւ «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասել էր, որ իրենք դեռ չգիտեն՝ կպաշտպանե՞ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Ժառանգության» թեկնածուին, թե՞ չեն պաշտպանի: Մեր հարցին՝ երբ դուք մեկ միասնական թիմում եք, տարօրինակ չէ՞, որ գուցե չպաշտպանեն ձեր թեկնածուին, նա պատասխանեց՝ քանի դեռ առաջադրումները չեն սկսվել՝ շատ բնական է, որ նա այդպիսի բան է ասում. «Շատ բնական է, որ կարող է այնպիսի մեկին դնենք. որ կարող է որեւէ մեկը չպաշտպանի: Շատ նորմալ եմ դիտում, քանի դեռ առաջադրված չէ, որոշում կայացված չէ, նույնիսկ անհասկանալի եմ գտնում, որ այդ հարցը կարող է քննարկվել»: Նա նշեց, որ մինչեւ ամսի 5-ը, երբ  կսկսվեն առաջադրումները, այն ժամանակ հստակություն կլինի, եւ կարող են հայտնել իրենց հստակ դիրքորոշումը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031