Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի վրա 50 թռչող ափսե՞ է իջել

Օգոստոս 03,2012 13:18

«Մաուգլի» խորհրդային մուլտֆիլմում կա այսպիսի դրվագ. անհիշելի ժամանակներից գետնի տակ հայտնված մայր կոբրան հարցնում է գազաններին՝ ի՞նչ կա այնտեղ, քաղաքում: Արձակուրդ գնացածները, թեկուզ երկու շաբաթով՝ ինչպես ես, վերադառնալուն պես՝ մոտավորապես նույն այդ հարցն եմ տալիս: Մեր քաղաքում մի բան իսկապես փոխվել է. ամբողջությամբ ասֆալտապատվել է Բաղրամյան պողոտան: Շատ գեղեցիկ է նայվում: Չնայած ես վստահ չեմ, որ արժեր վերանորոգել քիչ թե շատ բարվոք կենտրոնական փողոցները, գուցե նույն գումարները պետք էր ծախսել 25 տարի քարուքանդ վիճակում գտնվող ճանապարհների վրա: Օրինակ՝ երեկ ես անցել եմ Հրազդանի ձորով, որտեղ ճանապարհները հիշեցնում են պատերազմի մասին ֆիլմերում ներկայացված Ստալինգրադի փողոցները:

Մնացած հարցերում էական փոփոխություններ, կարծես թե, չկան: Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցները շարունակում են իրականացնել իրենց շեֆերի քարոզչությունը՝ զուգահեռաբար փնովելով մրցակից թիմերին: Ցավալի է, որ այդ՝ վաղուց արդեն տաղտկալի դարձած հրմշտոցի մեջ հայտնվել են նաեւ սպորտը եւ Օլիմպիական խաղերում մեր մարզիկների առայժմ անհաջող ելույթները: Ես չեմ երկրպագում ոչ ԲՀԿ-ին, ոչ էլ այդ կուսակցության փաստացի հիմնադիր երկրորդ նախագահին: Բայց նախ՝ Օլիմպիադան դեռ չի ավարտվել, իսկ ավարտվելուց հետո վերլուծությունը պետք է լինի մասնագիտական, ոչ թե քաղաքական: Երկրորդ՝ մեր մարզիկները ներկայացնում են ոչ թե ինչ-որ մի կուսակցություն, այլ մեր ամբողջ երկիրը. նրանց հաջողություններով պետք է հպարտանալ, իսկ ձախողումների վրա չի կարելի չարախնդալ:

Հայկական լրագրությունն էլ երկու շաբաթում դեպի լավը չփոխվեց: Հարց. «Ճի՞շտ է, որ ձեր ամուսինը մահացել է»: Պատասխան. «Վա՜յ, էս ի՞նչ եք ասում»: Հարց. «Դուք նեղվո՞ւմ եք, որ ես ձեզ այդ հարցը տալիս եմ»: Լրագրողի հարցերը, ինչպես տեսնում եք, մեկը մյուսից «պրոֆեսիոնալ» են, եւ ընդհանրապես, այդ երկխոսությունը պետք է իր արժանի տեղն ունենա ժուռնալիստիկայի դասագրքերում: Հետաքրքիր նյութ գրելու դեղատոմսը շատ պարզ է. դուք նստում եք համակարգչի առաջ եւ որոշում եք սենսացիոն լուր գրել, օրինակ՝ «Y-յանամերձ շրջանակներից ստացած հավաստի տեղեկատվության համաձայն՝ X Y-յանը երեկ 40 հոգի է մորթել: Մեր թղթակցի հետ զրույցում Y-յանը կտրականապես հերքել է այդ լուրը: Ոստիկանությունում նույնպես չհաստատեցին այդ տեղեկատվությունը»: Սակայն այդ նյութի ամբողջ «խորամանկությունը» նրանում է, որ դուք վերնագրում կիսահաստատում եք ձեր մոգոնած անհեթեթությունը՝ «Y-յանը 40 հոգի՞ է մորթել»:

Ես էլ այսօր որոշեցի հետ չմնալ ժամանակակից լրագրության վերջին հովերից, եւ իմ այս նշումների համար համապատասխան վերնագիր եմ դրել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031