«Որպեսզի հասարակական կազմակերպությունները կարողանան օրենսդրական գործունեության վրա ակտիվ ներգործություն ունենալ, պետք է խոսեն փաստերով: Այդ փաստերը պետք է ունենան իրավական, սոցիալական, տնտեսագիտական հստակ հիմքեր, որոնց հիման վրա էլ օրենսդիրը պետք է ընթացք տա նրանց նախաձեռնություններին և սկսած գործընթացն ունենա ցանկալի լուծում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը:
Նրա համոզմամբ, հակառակ պարագայում, օրենսդիրը հաշվի չի առնում կամ անտեսում է հասարակական կազմակերպության առաջարկը: Արդյունքում, շատ դեպքերում ստացվում են նաև այնպիսի իրավական փաստաթղթեր, որոնք հանրային հնչեղություն և պահանջարկ չեն վայելում և չեն արտահայտում իրերի իրական վիճակը:
Համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի՝ հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է: Հասարակական կազմակերպություններում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներ հետապնդող ֆիզիկական անձինք: Ընդ որում՝ այդ անձինք կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ:
Նշենք, որ համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ Հայաստանում այսօր գործում է մոտ 5 հազար հասարակական կազմակերպություն:
Կարդացեք նաև
«ՓԱՍՏԻՆՖՈ»