168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Սամվել Բալասանյանի առաջադրումը Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից արդյոք չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն շարունակում է համագործակցել իշխանությունների հետ:
– Գիտեք, մի ցավալի իրողություն է, երբ ամեն մի փոքր դրվագ փորձում են դարձնել հեռուն գնացող եզրակացությունների հիմք: Մեկ ասում էին, որ ԲՀԿ-ն միասնական ցուցակով կգնա ընտրություններին, դա չեղավ, հետո ասում էին, որ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, հետո ասում էին` եթե ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա, ապա կլինեն հետապնդումներ, որոնք չկան: Հետո, երբ այդ հետապնդումները եղան՝ ի դեմս Վարդան Օսկանյանի («Սիվիլիթասի» գործ), «Արամուսի» գործի, Ստեփան Մարգարյանից խլվող շենքի, ասացին՝ «բայց տեսեք` ԲՀԿ-ն ունի մարզպետներ և փոխնախարարներ, ովքեր հրաժարական չեն տալիս», իսկ այժմ դա էլ եղավ: Այս պրոցեսներից ի՞նչ եզրակացության մենք կարող ենք գալ. այն եզրակացության, որ շատ հիմար վիճակում է հայտնվում այն քաղաքագետը, ով փորձում է փոքր փաստերից հեռուն գնացող եզրակացություններ կատարել:
-Իսկ այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ԲՀԿ խոսնակն ընդհանրապես զարմանալի է համարում «ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն» եզրույթը:
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ բոլորը շատ ավելի ապահովագրված կլինեն սխալներից, եթե հեռուն գնացող եզրակացություններ չանեն:
– Օրինակ, մենք եզրակացություններ չենք անում, պարզապես արձանագրում ենք փաստերը, օրինակ՝ այն, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, նաև ՀԱԿ-ի որոշ անդամներ (Պետրոս Մակեյան) կարծում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ՀԱԿ-ն առայժմ միայն տուժել է, և նաև որոշ գործիչներ, ովքեր լքեցին ՀԱԿ-ը, դժգոհում էին ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի սիրաշահումներից:
– Եկեք հարցերն իրարից տարբերենք: Նախ՝ մենք համարում ենք, որ այն բանից հետո, երբ այս ռեժիմը տապալեց երկխոսությունն ընդդիմության հետ և չգնաց դեպի ժողովրդավարական կարգեր բանակցված անցման, ինչպես արել են շատ ռեժիմներ աշխարհի բազմաթիվ երկրներում, մենք այլ ճանապարհ չունենք, քան իշխող ռեժիմի քայքայման և տապալման ճանապարհը: Դա, բնականաբար, առաջին հերթին, պետք է անել ժողովրդի ճնշման հզորացման միջոցով, այսինքն` հանրահավաքներով, երթերով, հանրային այլ միջոցառումներով, որոնք ցույց են տալիս ժողովրդի դժգոհությունը և ընդվզումը: Բայց նաև պետք է կիրառել բոլոր մեթոդներն ու գործիքները, որոնք թուլացնում են ռեժիմը և նրանից անջատում են ռեսուրսներ, որոնք տարիներ շարունակ ծառայել են նրան: Մի փոքր հեռավոր անալոգիա է, սակայն ես ուզում եմ այդ օրինակը հիմա բերել: Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի ռեժիմում նույնպես եղել են մարդիկ, ովքեր այդ ռեժիմի մասն են կազմել` նախարարներ և այլ զինակիցներ, սակայն, երբ ուժեղացավ պայքարը Քադաֆիի դեմ, և նրանցից շատերն անցան ժողովրդի կողմը, ոչ ոք նրանց չասաց, թե՝ դուք նախկինում եղել եք Քադաֆիի վարչակարգի մի մասը, և այլն, և նրանց անցումը ժողովրդի կողմից միայն ողջունվում էր և միայն ուժեղացնում էր հակաքադաֆիական ճակատը: Իհարկե, այս անալոգիան կարող է մի քիչ կաղալ, և, բնականաբար, իրավիճակը մեր երկրում նույնը չէ, ինչ քադաֆիական Լիբիայում, սակայն այդ անալոգիան ինչ-որ մի բան պետք է հուշի մեր քննադատներին: Եթե հնարավոր դառնա Ս.Սարգսյանի ռեժիմից անջատել այնպիսի ռեսուրս, ինչպիսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, դա միայն կնպաստի ժողովրդական շարժման հաղթանակին: Կարծում եմ, որ այն գործընթացը, որը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, ցույց է տալիս, որ այդ նպատակը շատ բարեհաջող կերպով իրականացվում է: Ասեմ ավելին. այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս ռեժիմը ոչ, առանձին վերցված, Կոնգրեսից է վախենում, ոչ էլ՝ առանձին վերցված, ԲՀԿ-ից, սակայն այս վարչակարգի համար ամենամեծ մղձավանջային սցենարն այն է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն սկսեն միասնաբար աշխատել այս ռեժիմի դեմ: Ահա այս սցենարն է, որն ամենաշատն է վախեցնում իշխանություններին, և նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի դա չիրականանա: Այդ նպատակով` իշխանություններն ամեն ինչ անում են ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հարաբերությունները թունավորելու համար: Իշխանության սպասարկու լրատվամիջոցները փորձում են ներշնչել, թե ԲՀԿ-ն տապալել է Կոնգրեսի նախաձեռնությունը: Այնինչ՝ տեղի է ունեցել սենսացիա. ԲՀԿ-ի 7 պատգամավոր միացել են Կոնգրեսի նախաձեռնությանը, իսկ կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց իր աջակցության մասին: Մի քանի ամիս առաջ, եթե անգամ մեկ պատգամավոր ԲՀԿ-ից միանար Կոնգրեսի որևէ նախաձեռնության, դա կդիտվեր ֆանտաստիկայի ոլորտից մի բան: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից դուրս եկողներին, ովքեր ասում են, թե իրենց խնդիրները կապված են ԲՀԿ-ի նկատմամբ որդեգրած քաղաքականության հետ, ես բոլոր այդ դուրս եկողներին կխնդրեի չաղավաղել իրականությունը: Իրենց դուրս գալը դրա հետ ոչ մի կապ չունի: ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունը հրապարակայնորեն ասաց, որ ՀԱԿ-ի հետ իրենց հակասությունը կապված է իրենց արևմտամետ դիրքորոշման հետ: Սակայն մենք դեմ ենք կողմնորոշումային քաղաքականությանը. ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Չինաստանը չեն կարող դառնալ միակ փարոսը Հայաստանի համար: Իսկ եթե կան ուժեր, որոնք փարոս են ընտրում, իրենց գործն է: Դավիթ Շահնազարյանը քննադատել է ԲՀԿ-ի հետ քաղաքականությունը, բայց չի ասել, որ այդ պատճառով է դուրս գալիս Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակից: Նա մինչև ս.թ. մարտի կեսերը ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բոլոր քննարկումներից հետո եռանդուն լծվել էր ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի աշխատանքներին` ընտրություններում ՀԱԿ-ի հաղթանակն ապահովելու համար: Նա ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից դուրս է եկել բոլորովին այլ պատճառով, սակայն մեր մեջ կա պայմանավորվածություն, որ այդ մասին միայն նա կարող է խոսել:-
– Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ՀԱԿ-ն ի՞նչ օգուտներ է ունեցել մինչ այժմ:
– Ես վստահ եմ, որ երկխոսության տապալումից հետո իշխանությունը որդեգրել էր միայն մեկ նպատակ` ԱԺ-ում Կոնգրեսը ներկայացված չլինի ընդհանրապես, և այդ ծրագիրը տապալվեց միայն ՀԱԿ-ի որդեգրած` ռեժիմի մեկուսացման քաղաքականության շնորհիվ: Մենք ազդարարեցինք մի կարևոր նպատակ` ազատվել ՀՀԿ-ի մենաշնորհային ազդեցությունից: Այդ նպատակը հասկանալի եղավ բոլոր ոչ հանրապետական ուժերի համար, որի հիման վրա էլ սկսվեց համագործակցությունն ընդդիմադիր մյուս ուժերի հետ «միասնական շտաբում»: Եթե չլիներ այդ համագործակցությունը, մեզ ուղղակի ոչնչացնելու էին՝ օգտագործելով նաև այլ քաղաքական ուժերի ռեսուրսները մեր դեմ, և Կոնգրեսը խորհրդարանական ընտրությունները տապալելու էր: Մենք «Կոնգրեսը բոլորի դեմ» տրամաբանությունը շրջեցինք դեպի «Բոլորը Հանրապետականի դեմ» տրամաբանության: Եթե մեզ չհաջողվեր ԲՀԿ-ին մտցնել «հակահանրապետական» ճակատի մեջ, նա ընտրություններում համագործակցեր Սերժ Սարգսյանի հետ, իշխանությունները կունենային «փայլուն» ընտրություններ, և խորհրդարանում ընդհանրապես ներկայացված չէր լինի արմատական ընդդիմությունը` ՀԱԿ-ը:
– Իսկ արմատական ընդդիմությանը խորհրդարան մտնել թույլատրելը չէ՞ր կարող լինել իշխանությունների կողմից «փայլուն» ընտրությունների անցկացման ցուցադրում:
– Այդ դեպքում ինչո՞ւ Եվրամիությունը հետաձգեց եվրոպական դոնորների կոնֆերանսը, որի նպատակը Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրումն էր: Դա անմիջապես կապված է անցկացված ընտրությունների որակի հետ, և ամբողջ միջազգային հանրությունը տեսավ դա: Հավատացեք, եվրոպական դեսպանների հետ իմ շփումների ժամանակ նրանք բացահայտորեն խոսում են լայնածավալ ընտրախախտումների` ընտրակաշառքների բաժանման, ահաբեկման մասին, ինչի մասին երբեք նախկինում չեն խոսել: