Իջեւանի շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում, միջպետական ճանապարհի եզրին: Այս տարածքը նաեւ նաեւ Իջեւանի տաքսի ծառայությունների մեքենաների կայանատեղին է: Շուկայի եզրին կանգնում են նաեւ գյուղատնտեսական մթերքների վաճառողների ավտոմեքենաները: Այս հատվածում մեքենաների եւ մարդկանց կուտակումները մեծ են: Իջեւանցիները տարածքը «Լաչինի միջանցք» են անվանել: Շուկայի տնօրինության եւ Իջեւանի քաղաքապետարանի միջեւ կոնֆլիկտ է առաջացել, որը լուսաբանել են մարզային եւ հանրապետական լրատվամիջոցները: Իջեւանի քաղաքապետարանը շուկայի տնօրինությանը մեղադրում է շուկայի տարածքում, մարդկանց տեղաշարժի համար նախատեսված տարածքում անօրինական շինարարություն կատարելու համար:
Իջեւանի քաղաքապետարանի իրավաբան Արտակ Խաչիկյանը մեզ տրամադրեց կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի 2404-Ն՝ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» որոշումը, որով սահմանված է` ճանապարհի եզրին շինարարություն կատարելը թույլատրվում է բնակավայրի ներսում ճանապարհից առնվազն 50 մ, բնակավայրից դուրս` 70 մ հեռավորությամբ: Այդ տարածքում` «հատուկ կառուցապատման գոտում» շինարարության դեպքում քաղաքաշինական փաստաթղթերը պետք է համաձայնեցված լինեն քաղաքաշինության նախարարի հետ:
Արտակ Խաչիկյանը հայտնեց, որ շուկայի տնօրինությունը շինարարություն կատարելու համար Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից շինթույլտվություն եւ ճարտարապետահատակագծային առաջադրանք է ստացել, սակայն դրանք իրենց կողմից վերացվել են, քանի որ հակասում են կառավարության վերոհիշյալ որոշմանը: Քաղաքապետարանի իրավաբանի խոսքերով` նախկին քաղաքապետի օրոք շուկայի տարածքի ընդլայնման համար մայթի եւ ավտոմեքենաների կանգառի հաշվին շուկային 448 քառակուսի մետր տարածք է տրվել: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն այդ որոշումը կայացրել է 2005թ. փետրվարի 24-ին, դրանով 448 քառակուսի մետր տարածքը տրվել է 90 տարի վարձակալությամբ, վարձակալության տարեկան 12 հազար դրամ գումարով: Քաղաքապետարանի իրավաբանը նշում է, որ այդ տարածքը տրվել է առանց մրցույթի, ինչը օրենքի խախտում է: Իջեւանի ամենաբանուկ մասում, վարձակալության նման ցածր գինը ուղղակի ծիծաղելի է:
Կարդացեք նաև
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ քաղաքի տարածքում գյուղատնտեսական մթերքներ վաճառելու համար ավագանին որոշում է կայացրել` դրանց վաճառքը թույլատրելով Իջեւանի կենցաղի տան հարակից գոտում` Գանինի փողոցում: Քաղաքապետի խոսքերով` քանի որ այդտեղ վաճառողները իրենց աճեցրած մթերքներն են վաճառում, նրանք մեծամասամբ սոցիալապես անապահով մարդիկ են, ուստի այդ հատվածում վաճառատեղի համար օրական նվազ վարճավճար է սահմանվել` 350 դրամ:
Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը մեզ ասաց, որ իրենք գործունեություն են իրականացնում օրենքով սահմանված կարգով, իրենց ստացած լիզենցիային համապատասխան: Շուկայի տնօրենը կարծում է, որ քաղաքի փողոցներում պտուղ-բանջարեղենի բացօթյա վաճառք չպետք է իրականացվի, որ դա հակասանիտարական է: Նշենք, որ շուկայի տարածքում մեկ վաճառատեղի օրական վարձակալության միջին գինը 2000 դրամ է: Գառնիկ Օհանյանն ասաց, որ իրենք նախկին քաղաքապետից շուկայի տարածքում շինարարություն կատարելու թույլտվություն ունեն եւ դրանով են առաջնորդվում: Նաեւ հավելեց, որ իրենք մեծ կառույցներ չեն սարքել, այլ` բարեկարգման աշխատանքեր են կատարել:
Իջեւանի քաղաքապետարանը ապօրինի շինարարություն կատարելու համար սկզբում 200 հազար դրամով, ապա 2,5 միլիոն դրամի չափով տուգանել է շուկայի տնօրինությանը: Վերջինս բողոքարկել է քաղաքապետարանի այդ որոշումները: Սեւանի վարչական դատարանը երկու տուգանքներից միայն 200 հազար դրամի տուգանքն է օրինական համարել:
Իջեւանի շուկա-քաղաքապետարան կոնֆլիկտը նաեւ այլ երանգավորում ունի: Շուկայի տնօրենի որդին` Նարեկ Օհանյանը քաղաքի ավագանու անդամ է, լինելով նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմակիցը՝ չի ներկայանում ավագանու նիստերին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այս գործին առայժմ չի խառնվում: Հավելենք, որ մարզպետի եղբայրը` Աշոտ Ղուլարյանը շուկայի 3 փայատերերից մեկն է: Մարզկենտրոնի «սրտում» գտնվող շուկան բավական եկամտաբեր ձեռնարկություն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ