Օրեր առաջ, հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հետ կապված, տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր նիստ, որտեղ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ներկայացրել էր 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ։ Դրանում իմի էին բերված ՀԽ-ում հեռուստաեթերի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները։ Չնայած մեզ հետ զրույցում Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այդ կետերը դեռ կփոփոխվեն՝ կավելանան-կպակասեն, բայցեւայնպես հեռուստաեթերի որակը բարելավելու համար կանգ են առել մի քանի կետերի վրա. «Հ1-ում պետք է լինեն սոցիալական գովազդներ, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ՝ բովանդակային խնդիրները վերհանելու համար, պետք է լինեն օրենսդրական նախաձեռնություններ, պետպատվերներ, կրթական, դաստիարակչական, մանկական հաղորդումների չափաբաժինների բաշխում, նաեւ պետք է գործեն խրախուսման ինչ-որ մեխանիզմներ, առողջ մրցակցային դաշտ ստեղծվի»:
– Տպավորություն է ստեղծվում, որ հիմնական խնդիրը սերիալների մեջ է, այդպե՞ս է։
– Մենք դեմ չենք սերիալներին, դրանք պետք են, ուղղակի մեր
առաջարկություններից մեկն էլ այն է, որ պետությունը պետք է լինի պատվիրատուն։ Պետպատվերի ինստիտուտ պետք է ձեւավորել հենց թեկուզ սերիալների դեպքում, ասենք՝ պետությունը պատվիրում է կիրթ, արժանապատիվ հայ մարդու դրական կերպարով սերիալ, այսինքն՝ ինչ–
Կարդացեք նաև
որ չափորոշիչներ լինեն, մրցույթ հայտարարվի։ Բայց մասնավոր
հեռուստաընկերություններն ասում են՝ քանի որ իրենք մասնավոր են, ոչ ոք իրավունք չունի ասելու, թե իրենք ինչ հեռուստաարտադրանք պետք է տան։ Եթե մենք ստեղծենք այնպիսի մի իրավիճակ, որ մեզ մոտ գռեհիկ, անճաշակ հեռուստաարտադրանք տալը լինի ամոթաբեր, ոչ մրցունակ, ոլորտն ինքն արդեն կկարգավորվի։
– Հեռուստաընկերությունների տնօրեններն ընդունո՞ւմ են, որ իրենց հեռուստաարտադրանքը գռեհիկ է ու անճաշակ։
– Իրենք չեն ընդունում, եւ հանդիպման ժամանակ ինքնապաշտպանական այդ ֆունկցիան շատ էր՝ իբրեւ թե փորձ է արվում գրաքննության, բայց ես ամեն դեպքում դրական եմ համարում մեր քննարկումը։
– Հեռուստաընկերությունների կողմից հիմնականում ի՞նչ հակափաստարկներ էին բերվում։
– Իրենք հիմնականում ասում էին, որ դրանով աշխատատեղերի հարց է լուծվում, այսքան դերասաններ են ներգրավված աշխատանքի մեջ, բարձր աշխատավարձ են ստանում, իրենց հաղորդումների ռեյտինգները բարձր են։ Հիմնականում բողոքում էին, որ Հանրային հեռուստաընկերության համեմատ իրենք մրցակցային ավելի վատ իրավիճակում են, եւ ագատ ու
հավասար մրցակցային դաշտ չկա, ռեյտինգային անառողջ մրցակցություն է գնում։ Իրենք ասում էին՝ ամեն ինչ լավ ա երկրում՝ մենակ հեռուստատեսությո՞ւնն է խանգարում, ինչի՞ մյուս հարցերով չեբ զբաղվում… ասում էին նաեւ, որ սերիալ նկարահանելը շատ դժվար պրոցես է…
– Սովորաբար ասում են, որ սերիալներն արտացոլում են մեր իրականությունը:
– Իմ կարծիքով, ամենավտանգավոր բանն այն է, որ ասում են՝ ինչպես որ մեր հասարակությունն է, այնպես էլ մեր եթերն է: Ես չեմ կարծում, որ դա այդպես է, որովհետեւ ամեն սերիալի ժամանակ մի 7-8 հոգու «փռում են» գետնին, մի այդքանի էլ սպանում են, մի քանի հոգու բռնաբարում են. ճիշտ է՝ նման դեպքեր լինում են մեր կյանքում, բայց հաստատ մեր հասարակությունն այդպիսին չէ, համենայնդեպս, սերիալի խնդիրն այն չէ, որ վերցնի կրիմինալ խրոնիկան եւ դիտարժան դարձնելու համար օգտագործի։ Հեռուստաընկերությունների հետ միասին պետք է գտնենք լուծումներ, իրենց որեւէ բան զոռով պարտադրելը սխալ է, իրենք պետք է համոզվեն, միջավայրը պետք է այնպես փոխվի, որ մարդիկ պարտադրված գնան որակյալ հեռուստաարտադրանք տալու ճանապարհով։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»