Աֆղանստանի իշխանությունները, այսօր առավոտյան տեղի ունեցած հրաձգության ընթացքում հինգ զինյալ ոչնչացնելուց հետո հայտնել են մայրաքաղաք Քաբուլի ուղղությամբ մեծածավալ գրոհի կանխման մասին:
Երկրի հետախուզական ծառայության խոսնակ Լաթիֆուլա Մաշալն ասել է, որ Աֆղանստանի ուժերը չորեքշաբթի օրը գրոհել են Քաբուլի արևելյան մասում գտնվող մի շինություն, որտեղ հավաքված են եղել հարձակմանը նախապատրաստվող՝ զինյալների «Հաքանի» ցանցի հետ կապեր ունեցող ահաբեկիչները:
Մաշալի համաձայն, ավելի քանի հինգ ժամ տևած փոխհրաձգության արդյունքում զինյալները ոչնչացվել են: Նա ասել է նաև, որ զինյալները հարձակման իրականացման համար նախատեսում էին քողարկվել՝ կրելով փարանջաներ:
Իշխանությունները հայտնաբերել են քարտեզ, որտեղ նշված են եղել հարձակման թիրախները, ինչպես նաև պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաներ, «ինքնասպանի գոտիներ» և ռեակտիվ նռնականետներ:
Կարդացեք նաև
Թալիբները հերքել են հարձակման ծրագրման մեջ շարժման անդամների ներգրավված լինելու մասին լուրերը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերն իրենց հերթին հայտնել են երկրի հարավում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյուն հետևանքով երկու զինծառայողների մահվան մասին: Հարձակման կամ զինծառայողների ինքնության մասին ՆԱՏՕ-ն լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան