Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը վերահաստատում է Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու ընթացքում իր ելույթը

Օգոստոս 02,2012 18:09

Օրերս մեջբերել էինք 1999 թվականի փետրվարի 17-ին ԱԺ նիստից, երբ քննարկվում էր Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ «Առավոտի» հրապարակման մեջ Ռուբեն Հակոբյանի ելույթից մի մեջբերում: Նա, ըստ 1999թ. փետրվարի 18-ի մեր հրապարակման՝ Դաշնակցության անունից կասկած էր հայտնել, որ նախորդ իշխանությունները «քրեական լուրջ հանցանքների մեջ են թաթախված», նաեւ հիշել, որ կասեցված ՀՅԴ-ին միայն ընդդիմությունն էր պաշտպանում եւ հայտարարել, թե այժմ եւ դիմությունը, եւ ընդդիմությունը այդպես կվարվեն, «քանի որ հասկացան, որ փոս փորողն ինքը փոսը կընկնի»:

Մեզ հաջողվեց գտնել Ռուբեն Հակոբյանի այդ բանավոր ելույթի ամբողջական սղագրությունը: Եվ անդրադառնալով այդ օրն իր արած շեշտադրումներին՝ պրն Հակոբյանը մեր զրույցում հավելեց. «Նորից եւ ամբողջությամբ այս պահին եւս կստորագրեի այդ ելույթի տակ»:

Եվ այսպես՝ 1999թ. փետրվարի 17-ին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը ելույթի համար ձայն էր տվել Ռուբեն Հակոբյանին եւ նա ասել էր. «Բնական եմ համարում, որ պետք է հարցը քաղաքականացվեր, որովհետև Վանո Սիրադեղյանը եղել է վերջին տարիներին պետության առաջին դեմքերից մեկը եւ այժմ էլ հանդիսանում է քաղաքական կազմակերպության ղեկավար: Օրինաչափ եմ դիտում, որ հարցը պետք է շահարկվեր, որովհետև, դժբախտաբար, վերջին տարիներին մենք ունեցանք նման նախադեպեր: Այո, մենք ունենք փաստ, երբ մեկ անձի ցուցմունքով իշխող քաղաքական ուժը, նրա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ դատավճիռ կայացրեց` կասեցնել Դաշնակցության գործունեությունը: Դրան հետևեցին` խոշտանգումներ, տասնյակից ավելի լրատվամիջոցների փակում, գույքի թալան և այլն:

Հիմնավոր եմ համարում այն մտահոգությունը, որ իշխանությունը կարող է իր արած բռնի, հակաօրինական գործունեությունը  արդարացնելու համար այնպիսի քայլեր ձեռնարկի, որը պետության վարկին անդրադառնա: Այդ նախադեպն էլ ունենք, երբ Արտգործնախարարության ամբողջ կառույցներն աշխատում էին, որպեսզի արդարացնեն օրվա իշխանության անօրինական գործողությունները, և ՀՀ դեսպանատները բոլոր պետություններում, ում հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ, փաթեթ էր հանձնում, որ Հայաստանի քաղաքական քարտեզում կա մի քաղաքական ուժ, որի տեսակը հակացուցված է քաղաքակրթությանը և կոչ էր արվում ամեն գնով պայքարել այդ տեսակի քաղաքական և ֆիզիկական ոչնչացման համար: Այդ նախադեպն էլ ունենք, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն անդրադարձավ պետության վարկին, նրա քաղաքական վարկանիշին, արդյունքները մենք տեսանք:

Բնական եմ համարում, որ այսօր ցանկացած որոշում, որ կնդունի այս ԱԺ-ն, ժողովրդի մոտ կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ և դրանում ժողովուրդը մեղավոր չէ: ԱԺ-ն է, որ իր կենսագրության ընթացքում այնպիսի, մեղմ ասած, ոչ  պատվաբեր քայլեր է իրականացրել, որոնք ժողովրդի մոտ գցել են նրա վարկանիշը: Բազմաթիվ փաստերի շարքում նշեմ միայն մեկը. 96 թվի սեպտեմբերի 26-ը, երբ այստեղ ոտքի վրա, գրեթե միաձայնությամբ, պատգամավորները համաձայնություն տվեցին, որպես քաղաքական գործիչներ, որոնք ընդամենը պայքարում էին մի բանի համար, որ պետության ղեկավարը պետք է արդար ընտրություններով ընտրվի, չի կարելի կեղծիքով կարգել ժողովրդին թագավոր, այդ պատգամավորներից լիազորությունները, անձեռնմխելիության կարգավիճակը հանվեց, և քրեական օրենսգրքի այն 6 ծանրագույն հոդվածները, որոնք դրվեցին պատգամավորներիս վրա, բավական էր, որ այդ պատգամավորներին 6 անգամ անընդմեջ գնդակահարեին այդ մեղադրանքների համար: Այսօրվա ներկայացված մեղադրանքները խաղ ու պար են այդ 6 ծանրագույն հոդվածների նկատմամբ: Եվ այսօր, երբ արդեն այդ կեղծված ընտրությունների կազմակերպիչները հայտարարում են, որ դեռևս, սեպտեմբերի 21-ին պարզ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի անցել և քննարկվում էր,  թե արդյոք կարող է նա 2-րդ փուլում պայքարել, համաձայնության եկան, որ ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես նա պատրաստ չէ, ուրեմն` եթե պատրաստ չէ, հետևաբար, պետք է ժողովրդին պարտադրել նրա նախագահությունը: Եվ այս մասին  հայտարարում է Վանո Սիրադեղյանը` ընտրությունների հիմնական կազմակերպիչներից մեկը:

Եվ այսօր էլ, ցավոք, դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են կրկնել, որ այդ ժամանակ ընդդիմության կողմից  հեղաշրջման փորձ  է կատարվել: Չեմ հասկանում` ինչքան կարելի է ատել ճշմարտությունը: Ամբողջ աշխարհը տեսել է, որ, իսկապես, խայտառակություն է տեղի ունեցել, և այսօր մարդիկ առանց ամաչելու ասում են, որ հեղաշրջում է տեղի ունեցել: Գիտեք, ճշմարտություն ասելը, պարզվում է, քիչ է, ամբողջական ճշմարտությունը պետք է խոսի ճշմարտության մասին: Այսօր ինչ-որ հետևանքներ ենքքննարկում, բայց այս ամենը պետք է դիտարկել պատճառահետևանքային կապի մեջ:

Ինչ է այսօր կատարվում: Դատախազը մտել է ԱԺ, կարող է ինչ-որ տեղ անհամոզիչ է ձայնը, հռետորական տաղանդ չունի, որպեսզի ավելի համոզիչ արտահայտվի, բայց ընդամենը մի հարց է դրված` մարդը կասկածվում է սպանությունների կազմակերպման մեջ, անհրաժեշտություն կա, որպեսզի համաձայնություն տրվի, որ այդ մարդու նկատմամբ քրեական գործ հարուցվի: Ի՞նչ հիստերիա է, չեմ հասկանում, ուրիշ ինչպե՞ս պետք է կարողանալ արդարություն իրականացնել: Ասեմ, որ ուշադիր հետևում էի քննարկումներին, գրեթե Վանո Սիրադեղյանի հարցն այստեղ չկար, նույնիսկ նրա ընկերներն ու կողմնակիցները, որ հիշում էին նրա անունը, լրիվ ուրիշ թեմաներից էին խոսում, ուղղակի, որ հետո ասեին. «Տես, անունդ տվել եմ»:

Այստեղ ուրիշ երևույթի մասին է խոսքը գնում, և´ ես, և´ ժողովրդի մեծ մասը, և´ այն կուսակցությունը, որ ես ներկայացնում եմ` Դաշնակցությունը, իսկապես խորը կասկած ունի, որ նախորդ ռեժիմը թաթախված է բավականին լուրջ քրեական հանցագործությունների մեջ: Ես վստահ եմ, որ այդ շղթան բացվելու է, ընդամենը ժամանակի հարց է:

Մեր տառապանքի փորձով կարող եմ մեկ բան հստակ ասել, երբ մեր տղաները, մեր ղեկավար գործիչները հայտնվեցին բանտում, ձերբակալվեցին, ինչքան էլ որ պատվիրատուն մարտնչող, մոլեռանդ, հակադաշնակցական էր եւ ամբողջ պետության լծակներն իր ձեռքում էր կենտրոնացված, միևնույն է, ժողովրդավարության, հրապարակայնությանության այս փոքր սահմաններում չկարողացան ապացուցել այդ մեղադրանքները: Հիմա էլ, եթե, իսկապես, այս մեղադրանքներն անհիմն են, ժողովրդավարության այս չափի մեջ հնարավոր չէ սուտ բանը ապացուցել: Նաև կարծում եմ, որ, եթե այն ժամանակ մեզ ընդդիմությունն էր միայն պաշտպանում, այս դեպքում և´ դիմությունը, և´ ընդդիմությունը կհետապնդեն, որ հարցը արդար լուծում ստանա: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ այս դեպքում  կարծում եմ շատերը համոզվեցին, որ փոս փորողը փոսին ավելի մոտ է կանգնած լինում, և բումերանգի սկզբունքն է գործում այստեղ:

Առաջարկվեց, որ պետք է եթեր արձակվի այս քննարկումը, կողմ եմ առաջարկին, բայց ամբողջական կլինի այն, եթե իմ մյուս առաջարկությունն էլ ընդունվի: Առաջարկում եմ, որ բաց քվեարկություն լինի: Երբ բանտից ես դուրս եկա, չնայած գրեթե բոլորը տվել էին համաձայնություն, որ անձեռնմխելիությունից զրկեն եւ կալանավորեն ինձ, Խորհրդարանի 80%-ն  ասում էր, որ իրենք կամ չեն քվեարկել կամ դեմ են քվեարկել: Եկեք տղամարդկություն անենք և գնանք բաց քվեարկության:

Եւ վերջում, ասվում է, որ պետք է քվեարկենք խղճով, համաձայն եմ դրան մեկ հավելումով` այդ խիղճը չպետք է մեղանչի արդարության դեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031