Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում` նվիրված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը

Օգոստոս 02,2012 17:44

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հանդիպում սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած հասարակական կազմակերպությունների և շարժումների ներկայացուցիչների հետ:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա` Դատական փորձագետների և իրավագետների ասոցիացիայի, ՍԴՀԿ-ի, «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» նախաձեռնող խմբի, «Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն» ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչներին`  համախմբվելու և ճգնաժամային իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային պետական մարմինը ՀՀ սփյուռքի նախարարությունն է, որտեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրել և ուսումնասիրում է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները` դասակարգելով և վերահասցեագրելով դրանք համապատասխան պետական կառավարման մարմիններին:

Տիկին Հակոբյանը ներկայացրեց վերջին շրջանում Հայաստան ժամանած և ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները և տեղեկացրեց, որ մի քանի օրից` սահմանված կարգով հրապարակվելուց հետո, ուժի մեջ կմտնեն հուլիսի 26-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները, որոնց համաձայն, ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Դամասկոսում` ՀՀ դեսպանատանը և Հալեպում` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, ինչպես նաև սիրիահայերը այսուհետ վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:

Անդրադառնալով կրթության ոլորտում կատարված աշխատանքներին` նախարարը նշեց, որ հուլիսի 30-ից Երևանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները և քննարկվում են որոշ դպրոցներում արևմտահայերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունները:

Տիկին Հակոբյանը ավելացրեց նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը դիմել է ՀՀ ԿԳՆ՝ քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի` բուհեր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին: Արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է իր պատրաստակամությունը` քայլեր ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները 50 տոկոսի չափով հաշվարկելու, ինչպես նաև ուսման վարձավճարների զեղչման հարցը, ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից, քննարկելու վերաբերյալ:

Հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում սենյակներ կտրամադրվեն սիրիահայ ուսանողներին:

Նախարարը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:

Նախարարն ընդգծեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից` կազմակերպվելու են հավելյալ չվերթեր դեպի Սիրիա` այնտեղից` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար: Երեխաները մասնավորապես կմասնակցեն նաև <Արի տուն> ծրագրին:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ գործող աշխատանքային խումբը` ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, ընդունում է նախարարություն այցելած սիրիահայերին, ինչպես նաև` համագործակցում խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների հետ:

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների և շարժումների ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին սիրիահայերի աջակցության համար, այդ թվում մասնակցել օդանավակայանում սիրիահայերի դիմավորմանը, անհրաժեշտության դեպքում սիրիահայերին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն և հոգեբանի ծառայություններ:

Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ շեշտվեց սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս լրատվամիջոցների կողմից զուսպ և զգուշավոր մեկնաբանությունների կարևորությունը, քանի որ տեղին չօգտագործված ցանկացած խոսք կարող է վտանգի տակ դնել սիրիահայ համայնքին և խոչընդոտել խնդիրների լուծմանը:

Հանդիպման մասնակիցները միակամ էին ուժերի համախմբման և ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ սիրիահայերի աջակցության աշխատանքների կազմակերպման հարցում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031