ՄԱԿ. Սիրիայում պարենային օգնության կարիքն ունի մոտ երեք միլիոն մարդ
Սիրիայի ապստամբները հինգշաբթի օրն ուժեղացրել են կառավարական ուժերի նկատմամբ գործադրվող ճնշումը: Չդադարող գրոհի ընթացքում ընդդիմության ուժերը կառավարական ստորաբաժանումներից գրաված հրասայլից կրակ են բացել Հալեպում գտնվող օդուժի ռազմակայանի ուղղությամբ:
Ընդդիմության ուժերի կողմից ձեռնարկված գործողություններին ի պատասխան նախագահ Ասադին հավատարիմ ուժերը հրետանային կրակ են բացել Հալեպի ռազմավարական նշանակություն ունեցող Սալահեդինե շրջանի ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Հալեպում կառավարական ուժերի գործողությունների պատճառով քաղաքացիական յոթ անձանց մահվան մասին:
Կարդացեք նաև
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումները Դամասկոսում նոր հարձակումներ են գործել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Սիրիայի ակտիվիստները հայտնել են Դամասկոսում տեղի ունեցող բախումների պատճառով զոհված մեկ տասնյակից ավելի քաղաքացիական անձանց մասին, իսկ երկրի պետական լրատվամիջոցների համաձայն, կառավարական ուժերի գործողություններն ուղղված են եղել «ահաբեկիչների» դեմ:
Այս ընթացքում տարբեր հաղորդագրություններից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարվա սկզբին ստորագրել է հրամանագիր՝ թույլատրվելով Կենտրոնական հետախուզական վարչությանը և ԱՄՆ-ի պետական այլ գործակալություններին օժանդակություն տրամադրել Սիրիայի ապստամբներին:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է այս հաղորդագրությունների վերաբերյալ «Ամերիկայի Ձյան»-ի կողմից ներկայացված հարցմանը որևէ մեկնաբանություն ներկայացնելուց:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Սիրիայում պարենային օգնության կարիքն ունի մոտ երեք միլիոն մարդ: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Պարենի համաշխարհային ծրագրի հետ մեկտեղ հրապարակած զեկույցում նշել է, որ Սիրիայում արդեն 17 ամիս շարունակվող ճգնաժամը 1,8 միլիարդ դոլարի վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը: Այս տվյալների հիմքում ընկած են Միավորված ազգերի կազմակերպության և Սիրիայի կառավարության կողմից համատեղ իրականացված գնահատման ընթացքում ստացված տեղեկությունները:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»