Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» Գյումրիում կունենա քաղաքապետի իր թեկնածուն

Օգոստոս 02,2012 17:24

ՖՈՏՈԼՈՒՐ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար կունենան իրենց թեկնածուն. «Հիմա քննարկվում է այդ հարցը, առաջիկայում հայտնի կդառնա թեկնածուի անունը»:

Hayeli.am-ը «Ժառանգական հիվանդություն» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացրել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը, որտեղ վերջինս ասել էր, որ հնարավոր է իրենք ընդհանրապես չմասնակցեն Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, որ կազմակերպչական հարցեր կան եւ այլն: Այդ անորոշության հետ կապված Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց. «Ես չեմ կարծում, որ դա անորոշություն է: Դա սովորական ընթացք է, որտեղ կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում, ճշտվում են` ում առաջադրել: Ովքեր դա դիտում են որպես հիվանդություն, երեւի պետք է իրենք իրենց առողջական խնդիրներով հետաքրքրվեն, որովհետեւ քաղաքական գործընթացը ավարտվում է այն պահին, ինչը նախատեսված է օրենքով նախատեսված ժամկետում: Իսկ առաջադրումների պահը դեռ չի սկսվել եւ ավարտվել: Հետեւաբար, մինչեւ այդ պրոցեսի ավարտը որեւէ քաղաքական ուժ ժամանակ ունի կողմորոշվելու»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք մտադիր են ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին. «ՏԻՄ ընտրությունները լուրջ քաղաքական միջոցառումներ են, եւ որեւէ քաղաքական ուժ, եթե դերակատարություն է ցանկանում ունենալ պետության ներքաղաքական կյանքում, պետք է անպայման ձգտի ինքնաիրացվելու այդ միջոցառումների ընթացքում եւ, բնականաբար, «Ժառանգությունը» նույնպես պետք է ակտիվորեն մասնակցի դրանց: Առաջիկայում, կարծում եմ, դրա ականատեսը կլինեք»:

Թե ՏԻՄ ընտրությունների արդյունքները որքանո՞վ կազդեն նախագահական ընտրությունների վրա` պարոն Հակոբյանը նշեց. «Ընդհանրապես ԱԺ ընտրություններից մինչեւ նախագահական ընտրությունները ՏԻՄ ընտրությունները յուրօրինակ ռիթմ են ապահովում քաղաքական զարգացումներում: Այնքանով կնպաստեն, ինչքանով քաղաքական ուժը կարող է իր ուժերը մոբիլիզացնել ու առիթն օգտագործելով եւս մեկ անգամ իր մասին տեղեկացնել հանրությանը, որ ակտիվ են կամ պասիվ ներքաղաքական կյանքում: Դրանով հանրությունն ինֆորմացիա է ստանում քաղաքական ուժի կենսագործունեության եւ ռեալ հնարավորությունների մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031