Այսօր Վահե Ավետյանի ծննդյան օրն է, նա պիտի դառնար 33 տարեկան: Այդ առիթով քիչ հետո «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան խումբը ոստիկանության քննչական վարչության դիմաց «Չեք կոծկելու» բողոքի ակցիա է անցկացնելու` պահանջելով անհապաղ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` կարելի՞ է հիմա ասել, որ քաղաքացիական հասարակությունը հաղթեց, որովհետեւ հասավ նրան, որ պատգամավորը մանդատը վայր դրեց, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ծնվում է քաղաքացիական հասարակությունը: Ծնվում է այն քաղաքացին, որը պատրաստ է իր իրավունքների համար պայքարել, ունի այդ գիտակցումը: Ծնվում է այն քաղաքացին, որը տեսնում է, որ Վահե Ավետյանի փոխարեն կարող է լինել ինքը, իր երեխան կամ իր ընկերը, կամ ամուսինը: Այդ ցավը իր ցավն է, քաղաքացին այսօր արդեն իր իրավունքների գիտակցումով ծնվում է: Բայց այսօր ասել, որ մենք ունենք ամբողջությամբ այդ քաղաքացիական հասարակությունը` չենք կարող: Չունենք, բայց եւ չտեսնել, որ այսօր այդ պայքարող քաղաքացին ծնվում է, որ վաղը նա պետք է կազմակերպի եւ տեր դառնա ոչ միայն իր իրավունքին, այլ նաեւ այս պետությանը, դա ճիշտ է: Մենք տեսնում ենք դա եւ ողջունում: Իհարկե, շատ ողբերգական դեպք էր, որ կատարվեց Վահեի հետ, բայց մյուս կողմից Վահեի այդ սպանությունը առիթ տվեց մեկ անգամ եւս վերանայել, թե ինչպիսին ենք մենք եւ հասկանալ, որ պետության մեջ յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի իր իրավունքները եւ ազատ լինի` այդ իրավունքները պաշտպանելու: Ազգի կազմակերպման լավագույն ձեւը անկախությունն ու պետականությունն է, իսկ պետության կայացման եւ ամրապնդման լավագույն ձեւը կայուն քաղաքացիական հասարակության ձեւավորումն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ