Aravot.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ն, որ գործարարների դեմ սկսված արշավում (մասնավորապես՝ նկատի ունեինք Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը) հերթը հնարավոր է հասնի նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Ի՞նչ հերթի մասին է խոսքը: Իսկ պարոն Ծառուկյանն ի՞նչ կապ ունի մի հերթի հետ, որի շարքում օլիգարխներն են: Գործարար, ճանաչված ձևակերպումները օլիգարխ եզրույթի հետ որևէ կապ չունեն: Ես պարոն Ծառուկյանին այդ հերթում չեմ տեսնում»:
Տ. Ուրիխանյանը ժխտելով այն, որ Գ. Ծառուկյանը գործարար է, մանրամասնեց. «Նա գործարար չէ ու շատ վաղուց: Մարդը գործարար է այն ժամանակ, երբ զբաղվում է գործարարությամբ: Շատ երկար ժամանակ պարոն Ծառուկյանն ամբողջ օրվա կտրվածքով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն անցկացնում է կուսակցության գրասենյակում, իր աշխատասենյակում՝ զբաղվելով քաղաքական գործընթացներով: Նա պաշտոնապես որոշ ձեռնարկությունների սեփականատեր է հանդիսանում, որոնք մտնում են համապատասխան կոմերցիոն կառույցի մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ