Հուլիսի 23-ին Ազգային ժողովի ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները «Հարսնաքարի» վերաբերյալ 10 հարցերից բաղկացած հարցաշար էին ներկայացրել՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու դատախազությանը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, տասն աշխատանքային օրերի ընթացքում հարցաշարի պատասխանները պետք է պատկան մարմինների կողմից տրամադրվեն ԱԺ պատգամավորներին: Քանի որ հարցաշարը հրապարակվեց օրվա վերջում, տասնօրյա ժամկետը լրանում է վաղը, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դեռեւս որեւէ արձագանք չեն ստացել: «Հիմա ԱԺ աշխատակազմի մի մասն էլ է արձակուրդում, հնարավոր է նաեւ այդ տեխնիկական խնդիրներով պայմանավորված մի քանի օր ձգվի»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Իսկ ՀՀ դատախազության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան Aravot.am-ի հարցադրման ասացին, որ հարցաշարը պաշտոնապես ստացվել է եւ դեռ քննարկման փուլում է: Արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ