Թատերական ինստիտուտի տարածքում տարիներ ի վեր «ապաստանած» Համազգային թատրոնը մոտ է սեփական տարածք ունենալու հարցի վերջնական լուծմանը: Սակայն այս ողջունելի իրադարձությունը խորապես ստվերվում է Համազգային թատրոնի շենքի համար առաջարկվող տեղի՝ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակի ընտրությամբ:
Երևանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին` Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, և մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը: Անվերապահորեն աջակցելով Համազգային թատրոնին` սեփական շինություն ունենալու գաղափարին և գնահատելով այն որպես կարևոր իրադարձություն հանրության մշակութային կյանքում` մենք պահանջում ենք հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին չիրականացնել Համազգային թատրոնի շենքի շինարարություն:
Հարկ ենք համարում հղում կատարել այն փաստին, որ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը մի քանի անգամ արդեն մերժել է այդ վայրում շինարարության առաջարկը: Հեղինակավոր ճարտարապետներն արդեն իսկ իրենց ծանրակշիռ փաստարկներն են բերել՝ խիստ բացասական գնահատելով պուրակի կառուցապատումը: Չնայած մասնագիտական շրջանակների մերժմանը՝ նախագիծը փորձ է արվում դնել հանրային քննարկման:
Մենք ապավինում ենք Համազգային թատրոնի ղեկավար՝ Սոս Սարգսյանի քաղաքացիական գիտակցությանը և համոզված ենք, որ նա, որպես «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ, այլընտրանքային վայր կպահանջի թատրոնի համար և պատրաստ ենք անվերապահորեն աջակցել նրան այդ հարցում: Մենք մտադիր ենք հանդիպումներ ունենալ Սոս Սարգսյանի և թատրոնի ճակատագրով մտահոգ բոլոր մշակույթի գործիչների հետ բոլոր տեսակետները և հնարավոր այլընտրանքները քննարկելու համար:
Մենք կարծում ենք նաև, որ սա լավ առիթ է քաղաքացիների, մտավորականների և քաղաքային իշխանությունների հետ նոր հանրային մեծ քննարկում սկսել՝ վերաիմաստավորելու Երևանի ազատ հանրային տարածքների՝ որպես ազատության և համերաշխության խորհրդանիշների դերի ընկալման շուրջ:
Մենք համոզված ենք, որ Երևանի քաղաքապետարանը և քաղաքաշինական օրենքների պահպանման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է վերաիմաստավորեն իրենց մոտեցումը մասնավոր և հանրային սեփականություն հանդիսացող տարածքների հանդեպ և անհրաժեշտ կամքի առկայության դեպքում կարող են թատրոնին արժանի տեղ տրամադրել:
Նման տարբերակ կարող է լինել այլընտրանքային չօգտագործվող տարածքների տրամադրումը կամ մասնավոր ընկերությունների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելու և էլիտար շենքերի շինարարությունը չավարտելու, քաղաքացիներից միջոցները խաբեությամբ առգրավելու դեպքերում այդ տարածքների համար պայմանագրերի խզումը և տրամադրումը Համազգային թատրոնին: Օրինակ մշակույթային ժառանգություն հանդիսացող Աֆրիկյանների պանդոկը:
Միաժամանակ մենք պահանջում ենք քաղաքային իշխանություններից, օրակարգից հանելով Գլխավոր պողոտայի կառուցապատման հարցը, բացառել կապիտալ շինարարություն ենթադրող ցանկացած նախագծի քննարկում` Երևանի Գլխավոր պողոտայում գտնվող Մաշտոցի պուրակում և ամբողջությամբ այն բարեկարգել:
Սա նաև պետք է վերաբերվի Երևանի բոլոր հանրային ազատ ու կանաչ տարածքներին:
Մենք պահանջում ենք պետական կառավարման մնացյալ կառույցներին` մնալ ՀՀ սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների շրջանակներում, չճնշել և չմիջամտել քաղաքային իշխանությունների գործունեությանը:
Մենք հաստատակամ ենք և սկզբունքային Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակում կապիտալ շինարարություն թույլ չտալու և Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի պահանջներին հետամուտ լինելու հարցում:
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն