Այսօր «Տեսակետ» ակումբում Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը նշեց, որ Հայ ավետարանչական ընկերակցությունը հետապնդում է հայությանն օգտակար լինելու նպատակ. «Աշխարհի 24 երկրում ունենք դպրոցներ, համալսարաններ, ծերանոցներ, մանկապարտեզներ: Մեր բյուջեի հիսուն տոկոսը, յուրաքանչյուր տարր տրամադրում ենք Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին: Ներկայումս կառուցվում է նորագույն տեխնիկական հնարավորություններով օժտված մեծ դպրոց»:
Հայաստանյաց ավետարանական եկեղեցու նորանշանակ ավագ հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանն ասաց, որ իրենք Հայ առաքելական եկեղեցուց տարբերվում են ծիսակարգերով. «Սակայն հիմքում ընկած է Ավետարանի սերտողությունը, հետեւաբար՝ մենք չենք համարվում աղանդ, այլ Հայ առաքելական եկեղեցին ընդունում ենք որպես մայր եկեղեցի: Չենք զբաղվում հոգեորսությամբ, որովհետեւ մեր նպատակն է ` ծառայել ժողովրդին»: Լեւոն Ֆիլյանն էլ հավելեց, որ Ավետարանական եկեղեցին համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ: Լրագրողի հարցին, թե ում կողմից է ֆինանսավորվում Հայաստանյաց ավետարանական եղեղեցին, նորանշանակ հովիվը պատասխանեց. «Ժողովրդի»:
Aravot.am-ը կապ հաստատեց «Քայաքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի հետ, ով վերոհիշյալ հարցին ի պատասխան` ասաց. «Ավետարանական եկեղեցին հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ-ից: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա կառույցի անդամներն ամսական վճարում են իրենց աշխատավարձի տասը տոկոսը: Ավետարանական եկեղեցին ծավալում է աղանդակերպ գործունեություն` զբաղվելով հոգեորսությամբ»:
Կարդացեք նաև
Զրուցեցինք նաեւ սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ, որն ասաց. «Առաքելական եկեղեցին Հայ ավետարանական եկեղեցուն չի համարում աղանդ, քանի որ վերջինս նույնպես ներդրում ունի մեր ժողովրդի պատմության մեջ: Սակայն հաճախ Հայ ավետարանական եղեղեցին գործում է աղանդակերպ, եւ Հայ առաքելական եկեղեցու կողմից ճանաչված չէ որպես քույր եկեղեցի: Նրանք այդպես են ասում` հիմնվելով երջանկահիշատակ Գարեգին Առաջինի այն խոսքի վրա, թե Ավետարանականը մեզ քույր եկեղեցի է: Բայց դա անձի հայտարարությունն էր, ոչ թե եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը»: Հոգեւորականը հավելեց, որ որեւէ ծրագրով Առաքելական եկեղեցին չի համագործակցում ավետարանականների հետ:
Տեր Շմավոնը նաեւ նշեց, որ ավետարանականների կողմից հոգեորսության դեպքեր միշտ էլ գրանցվել են. «Տարիներ առաջ մանկապարտեզներից մեկում նվերներով արկղեր էին բաժանել, որոնց մեջ կար նաեւ նրանց գրականությունը, ինչը արգելվում է: Դաստիարակներն էլ ասել էին երեխաներին, որ անպայման գրքույկները փոխանցեն իրենց մայրիկներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ