Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթած 3000 հայերից միայն 10%-ն է մնալու մեր երկրում: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողներին հայտնեց Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:
Պալատը որոշել է սիրիացի մեր հայրենակիցներին բիզնեսի ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: Այն կիրականացնի Առեւտրաարդյունաբերական պալատում ստեղծված հանձնախումբը: Հայրենիք տեղափոխվող սիրիահայերը խորհրդատվություն կստանան հայկական բիզնես միջավայրի, ՀՀ սահմանադրության, աշխատանքային կանոնակարգի հոդվածների, հարկային, մաքսային ոլորտների, սեփականության ձեռքբերման մասին: Նպատակն այն է, որպեսզի սիրիահայը Հայաստանում ներդրումներ անելիս լիարժեք տիրապետի մեր երկրում գործող «գրված եւ չգրված օրենքներին»:
Արայիկ Վարդանյանը նաեւ նշեց, որ սիրիահայերի հետ խոսելուց եւ խնդիրներին առավել խորությամբ ծանոթանալուց հետո կդիմեն նաեւ կառավարությանը` սիրիահայ գործարարներին արտոնություններ տրամադրելու համար:
Ասուլիսին ներկա արաբագետ Արաքս Փաշայանն էլ հայտնեց, որ այս օրերին սիրիահայերը հատկապես Դամասկոսում եւ Հալեպում միմյանց աջակցելու առումով ակտիվ են: Ըստ նրա, այնտեղ արդեն թանկացումներ են սկսվել, մասնավորապես` հացը թանկացել է 7 անգամ. «Բոլորը չէ, որ կարող են Հայաստան գալ, քանի որ այստեղ ապրելու համար նրանց անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Ուրիշներն էլ դեռեւս հոգեբանորեն պատրաստ չեն: Մեկ այլ հարց է, թե Հայաստան գալուց հետո կմնա՞ն, թե կմեկնեն մեկ այլ երկիր»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև