Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրության կենտրոնում են սոցիալական խնդիրները

Օգոստոս 02,2012 15:26

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։ «Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ աշխատել են և Հայ օգնության միությանը, որը մեր նախարարության հետ միասին հստակեցրել է ծնողազուրկ երեխաների ցուցակները, ում այսօր պետությունն ապահովում է բնակարաններով, և ըստ էության այս որոշումով մենք արմատական փոփոխություն ենք կատարում այդ բնագավառում, որովհետև այս ծրագիրն արդեն սկսում է տալ առաջին արդյունքները։ Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ կոորդինացնելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին։ Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրն զգալիորեն կհաղթահարվի», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 80 շրջանավարտների օրենսդրությամբ նախատեսված բնակելի մակերեսով ապահովման հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանն է հանձնել համապատասխան գույք, շինություններ և հատկացրել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության Ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել տարեցների կյանքի որակը, ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, մասնավորապես` Ծերացման Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնառությունների պահանջներին, իսկ գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումները հիմք կհանդիսանան տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և իրականացման համար։

Ընթացիկ տարվա բնակլիմայական պայմաններից ելնելով անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել ջրային համակարգերի կապիտալ վերանորոգումների ծրագրում, հրատապ լուծում պահանջող աշխատանքների ցանկում ընդգրկելով նոր օբյեկտներ, ինչը ոռոգում-ջրառ իրականացնող ընկերություններին հնարավորություն կտա ապահովել արդյունավետ ջրամատակարարում։ Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ջրառի նախատեսված 204.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանել է 239.2 մլն խորանարդ մետր։

Գործադիրը «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի սահմանազատման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման հավելվածը շարադրել է նոր խմբագրությամբ, նպատակ ունենալով բարելավել բնության կենդանի և անկենդան հուշարձանների հարուստ բազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031