Երեկ «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի ունեցավ «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի ներկայացումը: Ծրագիրը մեկնարկել էր 2011 թվականին` իրականացվելով Եվրասիա միջազգային համալսարանի և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանների կողմից` «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» Հայաստանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) աջակցությամբ:
Եվրասիա համալսարանի պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը նշեց, որ Եվրասիան հնարավորություն ունի Լիտվայի համալսարանի հետ փոխանակվել փորձով, քանի որ վերջինս մասնագիտացած է ՏՏ ոլորտում. «Ծրագիրը ներկայացնում է, թե ինչ է բիզնեսը, ինչպես կարելի է այն կառավարել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով եւ ցանկացած գործունեություն իրականացնել վիրտուալ ոլորտում: Բացի այդ, ծրագրի շնորհիվ շրջանավարտները կկարողանան սեփական բիզնեսը զարգացնել ՏՏ ոլորտում եւ ապրանք վաճառել»: Պարոն Հարությունյանը հավելեց, որ հոկտեմբերից մեկնարկող կուրսերի ընթացքում դասավանդելու են նաեւ Լիտվայի համալսարանի դասախոսները. «Պարտադիր կուրսերն անցնելու են մենեջմենթ, բիզնեսի պլանավորում եւ բիզնես-անգլերեն մասնագիտությունների գծով»:
Նշենք, որ ծրագրին կարող են մասնակցել բակալավրի աստիճան ունեցող Եվրասիայի շրջանավարտները. դիմորդը միաժամանակ կդառնա Երեւանի Եվրասիա միջազգային համալսարանի եւ Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանի ուսանող: Ցանկության դեպքում ուսումնառության մեկ կիսամյակ ուսանողը կարող է անցնել Լիտվայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ