Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պետք է պայքարել

Օգոստոս 02,2012 14:55

Լու Հաոցզե

Լոնդոնի օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկներն առայժմ ոչնչով աչքի չեն ընկել: Նկատի ունենք մեդալները: Իհարկե, մեր բոլոր մարզիկներն էլ չէին կարող բարձրանալ պատվո պատվանդան: Բայց արդեն մրցասպարեզ մտածներից առնվազն չորս-հինգի կրծքին կարող էր որեւէ մեդալ շողալ:

Հրաձիգ Նորայր Բախտամյանը օդամղիչ ատրճանակով 10 մետր մրցաձեւում չմտավ եզրափակիչ: Նյարդերը տեղի տվեցին: Բայց մրցակցական հարուստ փորձը (սա Նորայրի արդեն երրորդ օլիմպիադան է) պետք է որ նրան, որ նաեւ աշխարհի լավագույն նշանառուներից է, օգներ տիրապետել ինքն իրեն եւ ուժեղագույնների խմբում պայքարը եզրափակչում շարունակելու իրավունք նվաճել: Հուսանք, որ նա դա կանի օդամղիչ ատրճանակով 50 մետր մրցաձեւում:

Կարծես, վատ հանդես չեկան մեր ձյուդոիստները, եւ դրանում ճշմարտություն կա: Մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երեք հաղթանակ տարավ, բայց չորրորդում պարտվեց: Դրանում սարսափելի ոչինչ չկա: Աշխարհի ու աշխարհամասերի չեմպիոններ եւ մրցանակակիրներ էլ չխուսափեցին պարտությունից: Բայց այն, որ դրանից հետո սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն ես ստանում ու առաջին իսկ գոտեմարտում պարտվում ես ոչ թե այն պատճառով, որ մրցակիցդ է քեզնից ուժեղ, այլ պասիվ մարտ վարելու համար երկու անգամ տուգանք ստանալով, անհասկանալի է: Նույնը կատարվեց նաեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանի հետ` երրորդ գոտեմարտում. երկու տուգանային միավոր, եւ ամեն ինչ ավարտվեց:

Օլիմպիական ոսկիների լուրջ սպասելիքներ կային 69 կգ քաշային ծանրորդներ Առաքել Միրզոյանից եւ Մելինե Դալուզյանից: Բայց նրանք ի՛նչ արեցին մրցահարթակում: Երկու վարժություններում ընձեռվող վեց մոտեցումներից նրանք ընդամենը մեկն արդյունավետ կատարեցին, ընդ որում՝ երկուսն էլ զրո ստանալով հրում վարժությունում իրենց իսկ պատվիրած մեկնարկային քաշերը չբարձրացնելով:

Ի՞նչ է կատարվում մեր օլիմպիականների հետ: Խաղերի նախապատրաստության ողջ ընթացքում արվել է ամեն բան, գուցե թե` ավելին: Հավաքների, մարզումների, սննդի, վիտամինների, ինչու չէ, նաեւ վարձատրության պակաս չի եղել: Ավելին, այս անգամ ամեն ինչ կազմակերպվել է նախորդ օլիմպիական խաղերի նախապատրաստության պայմաններից անհամեմատ բարձր մակարդակով: Այս ամենը բազմիցս խոստովանել են նաեւ իրենք` մարզիկները: Բայց վերջնական արդյունք առայժմ չկա: Գուցե նրանց պակասում էր հոգեբանական պատրաստվածությո՞ւնը, մարզական չարությո՞ւնը, մրցակիցների ու գործիքի հետ ճակատամարտ տալու վճռականությո՞ւնը: Կամ էլ խանգարեց ավելորդ ինքնավստահությո՞ւնը: Դժվար է միանշանակ ասել:

Իսկ ահա չինացիները պայքարելու գերազանց օրինակներ են ցույց տալիս: Տղամարդկանց 77 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճած Լու Հաոցզեն վնասված ձեռքով շարունակեց պայքարը եւ մեծ ցավերի գնով հրում վարժությունում իսկական ճակատամարտ տվեց իր եւ գործիքի հետ ու 190 կիլոգրամը սանձելով, ի վերջո, բարձրացավ պատվանդանի երկրորդ աստիճան: Այսպես պետք է պայքարել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031