Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը, «ոչ օլիգարխ» Գագիկ Ծառուկյանն ու Օլիմպիական խաղերը

Օգոստոս 02,2012 14:47

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններում նոր առաջադրումների հարցը ԲՀԿ-ում դեռ քննարկում են: ՀՀԿ-ԲՀԿ-ի միջև վերջին շրջանում նկատվող «ջերմության» կապակցությամբ էլ պարոն Ուրիխանյանը նշեց. «Ամենակարևոր պայմանավորվածությունը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի և ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժի և ԲՀԿ-ի միջև այն  դաշտում է, որտեղ կլինի օրինականության, քաղաքական խնդիրների, կարգերի հետևից գնալու համագործակցություն: Մենք ցանկացած կառուցողական համագործակցության համար մինչև այժմ բաց ենք եղել: Իսկ համագործակցությունը հանուն ինչ-ինչ անհասկանալի միակողմանի շահերի՝ հնարավոր չէ»: Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն, որ ՀՀԿ-ն հնարավոր է սատարի իրենց թեկնածու Սամվել Բալասանյանին, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Դեռ հայտնի չէ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը»: Իսկ այն մասին, թե Տ. Ուրիխանյանն ինչպես կգնահատի այն իրավիճակը, երբ Ս. Բալասանյանը դառնա ՀՀԿ-ական, ինչպես ժամանակին վարվեց ՕԵԿ-ի հետ, ԲՀԿ մամուլի քարտուղարն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ մեր քաղաքական թիմն ունի այնքան ամրություն, որ համեմատելի չէ յուրաքանչյուր անդամի նախկին քաղաքական գործունեության հետ: Եթե անգամ նման բան լինի, զարմանքս այնքան մեծ կլինի, որ կդժվարանամ մեկնաբանել»:

Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե ինչու ԲՀԿ-ն չստորագրեց «Հարսնաքարի» գործով հարցաշարի տակ: Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախաձեռնությանը, ապա ճիշտ կլինի, որ առաջինը դրա տակ ստորագրի նրանց առաջնորդը, հետո հարցեր ուղղեն այլ քաղաքական ուժերի: Ինչ-ինչ քաղաքական ուժերի նախաձեռնությունը օգտագործել ողբերգությունը հանուն քաղաքական դրսևորումների, հանուն քաղաքական դիվիդենդներ շահելու, մեզ համար անընդունելի է և մենք դրա տակ չենք մտնելու»:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների դեմ կատարվածի առիթով էլ Տ. Ուրիխանյանն ասաց հետևյալը. «Եթե իրենց նկատմամբ ձեռնարկվել են խիստ միջոցներ՝ հաշվի առնելով նրանց քաղաքական պատկանելությունը, դա, իհարկե, դատապարտելի է: Բայց ես չեմ շեշտելու կոնկրետ ՀԱԿ-ին: Ես ուզում եմ, որ մեր երկրում մարդիկ չհետապնդվեն քաղաքական հայացքների համար»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ օլիգարխ լինել-չլինելու հարցին՝ Տ. Ուրիխանյանը հայտարարեց. «Խորհուրդ եմ տալիս բացել մի բառարան և տեսնել այդ բառի բառարանային բացատրությունը: Այդ բացատրությունը հակասում է այն կերպարին և պաշտոնական գործողություններին, որ իրականացնում է Գագիկ Ծառուկյանը»:

Aravot.am-ը Տ. Ուրիխանյանին խնդրեց գնահատել հայ մարզիկների անհաջող ելույթները Օլիմպիական խաղերում: Նա էլ իրեն համարելով «դիլետանտ»՝ սպորտի ասպարեզում, պատասխանեց. «Շատ ուրախ եմ, որ հայ մարզիկները մասնակցում են Օլիմպիադային: Շատ եմ ցանկանում ապրել այն բերկրանքը, որ ապրում են այն երկրների քաղաքացիները, որոնց երկրների ներկայացուցիչները հաղթանակած են վերադառնում: Մեր մարզիկները կվերադառնան և կոմպետենտ կառույցները հանդես կգան հայտարարություններով»: Յուրի Վարդանյանի քննադատությանն էլ պարոն Ուրիխանյանն այսպես արձագանեց. «Կառաջարկեի, որ Վարդանյանը ԱՄՆ-ում ապրելու ժամանակաշրջանում անդրադառնար սպորտի, այդ թվում՝ ծանրամարտիկների պատրաստվածության խնդիրներին, զբաղվեր իրավիճակի բարելավմամբ, ջանար, որ պրոֆեսիոնալիզմը և բարձր մարզական պատրաստվածությունը մեր մարզաշխարհում տիրապետող լինեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031