Արևիկի ու Նարեկի համար իրենց կյանքն ամենահետաքրքիրն էր, որովհետև նրանք ապրում էին իրենց հորինած հեքիաթում: Միասին նույն համալսարանում էին սովորում, երկուսն էլ բանասեր էին, բայց Նարեկն ավելի բարձր կուրսում էր սովորում: «Սկզբում ուղղակի ծանոթներ էինք, հետո այնպես ստացվեց, որ երկուսս էլ սեմինարների էինք գնում ու այդպես սկսեցինք շփվել ու մտերմանալ», – պատմում է Արևիկը, «Օրերից մի օր պետք է գնայինք Թեքեյան կենտրոնում կազմակերպված միջոցառմանը. ամբողջ ճանապարհին նա նայում էր ինձ ու ժպտում, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել, բայց այդպես էլ չէր կարողանում, դա շարունակվեց նույնիսկ միջոցառման ընթացքում (ես արդեն կարմրում էի, չգիտեի որ կողմ նայեի) և հանկարծ հեռախոսիս նամակ եմ ստանում, գրված է՝ «Սիրում եմ քեզ»,- պատմում է Արեւիկը: Այդպես սիրառատ էին անցնում Նարեկի ու նրա օրերը, դա շարունակվեց այնքան երկար, մինչև Արևիկն էլ մի անգամ որոշեց նույն կերպ հայտնել Նարեկին, որ նրա սերը փոխադարձ է: «Հերթական միջոցառման ժամանակ հանկարծ որոշեցի նամակ ուղարկել Նարեկին այն նույն բովանդակությամբ, ինչպիսին ինքն էր ուղարկել մեկ ամիս առաջ. վերցրեցի հեռախոսս ու նամակ գրեցի՝ «Սիրում եմ քեզ», – ասում է Արևիկը: Այդ օրը կարծես աշխարհը գունավոր դարձավ նրանց համար, ապրում էին մեկը մյուսի համար, սիրում էին խենթի նման: Երկուսն էլ հեքիաթներ ու պատմվածքներ էին հորինում ու մի օր որոշեցին գրել իրենց սիրո հեքիաթը: Գրեցին իրական դարձած հեքիաթային պատմությունն ու դարձրին այն իրենց սիրո ամենաթանկ նմուշը, սկսեցին հավատալ, որ հրաշքներ իսկապես լինում են ու հեքիաթները երբեմն իրականություն են դառնում: Արևիկի խոսքով՝ նույնիսկ որոշել էին այն տպագրել, բայց… Ամեն ինչ հեքիաթային էր մինչև այն օրը, երբ տղան մեկնեց քաղաքից՝ ամառային հանգստի ու երբ վերադարձավ, կարծես բոլորովին այլ մարդ լիներ. «Նա փոխվել էր, ժամանակն էր նրան փոխել, ավելի սառը դարձրել: Ես հասկացա, որ նա ուղղակի սիրահարված է եղել ինձ, անգամ մի օր նա ինքն այդ մասին ակնարկեց, ասելով՝ չեմ հասկանում` սիրու՞մ եմ քեզ, թե՞ սիրահարված եմ», – պատմում է Արևիկն ու ավելցնում. «Իսկ ես համոզված էի, որ սիրում եմ նրան, սիրում եմ կյանքիցս առավել… բայց սա մեծ հարված էր ինձ համար: Հասկացա, որ նրա զգացմունքները մարել են ու դրա մեղավորն այդ «ամառային հանգիստն» էր, կամ էլ այն մարդիկ, ում հետ նա անցկացրել էր այդ հանգիստը. նոր ընկերներ էին ավելացել՝ ինձ անծանոթ, նոր հանդիպումներ, «ընկերական» հավաքներ… այս ամենն ի վերջո հանգեցրեց նրան, որ ես էլ ի զորու չեղա դիմանալ, համբերել, որոշեցի մի նամակ ուղարկել ու վերջ դնել ամենին»- ասում է Արեւիկը: Երկար մտածելուց հետո նա գրում է. «Ինչպես որ նամակով էի հայտնել, որ սիրում եմ քեզ, այնպես էլ նամակով եմ հայտնում, որ մոռանաս ինձ, հեքիաթն ունեցավ իր ավարտը ու պարզվում է, որ հեքիաթները ոչ միշտ են «happy end»-ով ավարտվում, մնաս բարով»: Նարեկն էլ պատասխանել էր՝ «Կներես, որ այսպես ստացվեց, մնաս բարով»: «Ես ապշած էի, – ասում է Արևիկը,-նա նույնիսկ եզրեր չփնտրեց ամեն ինչ մոռանալու ու նորից սկսելու համար ու ես նորից ափսոսացի, որ սիրում եմ այնպիսի մարդու, ով գնահատել չգիտի»: Մի քանի շաբաթ անց Արևիկն իմանում է, որ Նարեկն արդեն ընկերուհի ունի, զարմանում է՝ ինչպե՞ս է կարողացել մոռանալ իրեն ու իրենց հեքիաթը, մինչդեռ ինքը ամեն անգամ կարդում է հեքիաթն ու արտասվում, հիշում է, թե ինչպես էին հավատում, որ հեքիաթներն իրականանում են: Անցել է 5 ամիս, ինչ նրանք միասին չեն. «Ես արդեն աշխատանք ունեմ, օրս շատ հագեցած է, բայց այնուամենայնիվ Նարեկին ու մեր հորինած հեքիաթը երբեք չեմ կարող մոռանալ, եթե նախկինում մեղադրում էի ինձ՝ նրան հավատալու համար, ապա հիմա բոլորովին այլ կերպ եմ մտածում, ուրախանում եմ, որ այդքան երջանիկ օրեր եմ ունեցել, – պատմում է Արևիկն ու ավելացնում,- իսկ հեքիաթս շարունակում է ինձ համար ամենաթանկը մնալ, ու նույնիսկ որոշել եմ վերջապես տպագրել այն»:
Տիգրանուհի Թասլակյան