Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պիտի հոգեկան հիվանդ լինես, որ դու քեզ արդուկով այրես». Սկեսուրի կողմից խոշտանգված հարսի հարազատների պատասխանը (Տեսանյութ)

Օգոստոս 02,2012 14:26

Մարիամ Գեւորգյան

Այս պահին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից, իսկ դատարանում քննվում է Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որը, ըստ մեղադրող կողմի, հարսին դաժանորեն ծեծել է`արդուկով այրել է հարսի կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակծկել մարմինն ու ստիպել ուտել իր հետ տված մաղձը:

Դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիային են միացել Մարիամի հարեւաններն ու բարեկամները:   Այստեղ ներկա են նաեւ մեղադրվող կողմի հարազատները, որոնք բավականին ագրեսիվ հայտարարություններ են անում` «Իրանց հիվանդ աղջկան տվել են մեր տղուն, ու չեն ասել, որ էրեսը դուրս ա տալիս: Իրանց թուղթ ու գիր անող աղջիկը…Փողի համար են անում էս ամենը»:

Զիրոյանների հարազատները հայտարարում են, որ նկարներում, որտեղ պատկերված է Մարիամի` արդուկով այրված մեջքը, «սարքած գործ է», դա կնոջ մեջք չէ: Մեզ հետ զրույցում Մարիամի հայրն այդ հայտարարություններին ի  պատասխան՝ վստահեցրեց, որ մինչեւ հիմա հետքերը մնացել են, եւ դա հերքել անհնար է:

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամի նախկին ամուսին Դավիդ Զիրոյանն ասաց, այս պահին ոչինչ չի ուզում խոսել, դատական վճռից հետո, ինքը փաստերով հանդես կգա: Մեր այն հարցին, արդյոք մարդկայի՞ն է Մարիամին խոշտանգել նրա համար, ինչ է թե`դեմքին բշտիկներ են հայտնվում, Դավիդն ասաց. «Էդ ինքն ա իրան վառել, որ մեզանից կվարտիրա ու փող պահանջի»:

Մարիամ Գեւորգյանի  նախկին ամուսնու այս պնդումներին, Մարիամի ծնողներն ու քույրն ասացին. «Առնվազն հոգեկան պետք է լինի մարդը, որ ինքն իր կրծքերը արդուկով այրի: Բա Մարիամն ինքն իրա քիթը ո՞նց ջարդեց,  իրենք տանը չէի՞ն, որ Մարիամն ինքն իրան վառում էր, բա թող ասեին, աղջիկ ջան, էդ ինչ ես անում: Կամ, որ մաշկային հիվանդություն ուներ, թող հետ ուղարկեին, ոչ թե պահեին՝ տանջամահ անեին»:

Մարիամի հարազատների պատմելով, երբ օդանավակայանում հանդիպեցինՄարիամին` չճանաչեցին, այն աստիճան դեմքը խոշտանգված էր.« Ամբողջ գյուղում հարգված ընտանիք է, շատ համեստ ու խելոք աղջիկ է միշտ եղել Մարիամը»:

Դատարանի շենքի առջեւ Մարիամի մայրը մի քանի անգամ վատացավ` նախկին խնամիների կողմից լսվող ագրեսիվ հայտարարությունների պատճառով:

Նշենք, որ դատական նիստը դռնփակ է ընթանում, իսկ ակցիայի մասնակիցները պահանջում են արդար դատավարություն:

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց , որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝  դռնբաց նիստի պահանջով, սակայն Վերաքննիչը վարույթ չի ընդունել` պատճառաբանելով, որ ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում նման հայցեր քննելը: Նոնա Գալստյանի փոխանցմամբ, իրենք հղում են արել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածին, որը նման բան նախատեսում է: Փաստաբանի խոսքերով` դիմել են նաեւ Վճռաբեկ դատարան, սակայն առայժմ պատասխան չեն ստացել, եւ մինչ Վճռաբեկը կարձագանքի, հնարավոր է՝ Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանն արդեն վճիռ կայացնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031