Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացահայտեց սիրիահայության հարցի շուրջ իրենց լռության առեղծվածը: Նա վստահեցրեց, որ դեռ անցած տարվա փետրվարից է սիրիահայության հարցը իրենց օրակարգում եղել. «Սփյուռքի նախարարությունը Գիտությունների ազգային ակադեմիային պատվիրեց սիրիահայերի հիմնախնդիրները ու հայկական համայնքի հարցերը, այսինքն՝ գիտական վերլուծություն արեցինք ու 2012 թվականի հունվարից մեր սեղանին է գիտնականների կարծիքը, հունվարից սկսած մինչեւ հունիսի վերջ բոլոր գերատեսչությունների ղեկավարության հետ, սփյուռքի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, հանրապետության նախագահի հանձնարարությամբ մենք ճշտել ենք յուրաքանչյուր կառույցի անելիքները՝ զարգացումների երեք սցենարի դեպքում, որոնք առաջարկել են գիտնականները եւ յուրաքանչյուր կառույց ինչով պետք է զբաղվի»:
Նա բացատրեց, որ իրենց աշխատանքը չէր հրապարակայնացվում, որովհետեւ Սիրիայում հարցերը դեռ շատ չէին հասունացել, եւ իրենք չպետք է այնպիսի հայտարարություններ անեին, որոնք կվերագրվեին, թե պետությունը ցանկություն ունի միջամտել Սիրիայի ներքին հարցերին, նրանց լռությունը նաեւ սիրիական համայնքում խուճապ չառաջացնելու նպատակ է ունեցել:
Հարցին, թե ինքը առաջիկայում կմեկնի՞ Սիրիա, նախարարն ասաց, որ ինքը դեռ մարտին էր ցանկացել մեկնել, բայց համայնքը նպատակահարմար չի գտնում քաղաքական այցելությունները. « Նրանք գտնում են, որ նման այցելությունը կամ իշխանության, կամ ընդդիմության կողմից կընկալվի սխալ ու ավելի վնաս կհասցնի իրենց համայնքին: Եթե թվում է, որ վտանգավոր է, դրա համար չենք գնում, դա ուղղակի ծիծաղելի է»:
Տիկին Հակոբյանը նաեւ ասաց, որ ցանկանում է փոխանցել սիրիահայ համայնքի պահանջը` լինել զուսպ եւ չանդրադառնալ այնպիսի խնդիրներին, որոնք կարող են վնասել սիրիահայ համայնքին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ