Այսօր լրագրող, պատմաբան-մանկավարժ, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ, վետերան մահապարտների «Արծիվ 30» հ/կ նախագահ Մարտիկ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններին իր ինքնառաջադրման մասին հայտարարություն արեց: «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսը հնչեցնելով՝ Սարգսյանը անդրադարձավ իր նախընտրական ծրագրի դրույթներին:
«Համարձակվում եմ հայտարարել, որ նախագահական ընտրություններին դնելու եմ իմ թեկնածությունը: Ծրագիրս հիմնված է ազգային գաղափարախոսության, նժդեհականության եւ դեպի մեր արիական ակունքները տանող հայեցակարգի վրա: Հիմնական ստրատեգիական ուղղվածությունը դա հետեւողական ռեֆորմիզմն է, առանց սոցիալական ցնցումների, հեղափոխական կոչերի եւ այլն: Ունենք կայուն պետություն, հաղթանակած, ամուր դիրքավորված, ունենք հասարակություն, որը կարողանում է ընկալել կամ չընկալել 21-րդ դարի մարտահրավերները: Ունենք նորաստեղծ պետություն, եւ այն ունի շատ սոցիալական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ թերություններ, հետեւաբար պետք է կարողանանք նորից ըմբռնել, շտկել այդ թերությունները: Առանց ավելորդ գոռգոռումների, վիճաբանությունների, ծրագրավորված մոտեցումներով պետք է շտկել թերի, անկայուն եւ Սահմանադրությանը ոչ հարիր օրինագծերը»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, թե լավ կլիներ, որ մեր Սահմանադրությունը հիմնվեր Շահամիր Շահամիրյանի «Հայոց տան» վրա, որն ավելի դեմոկրատական է եւ ճիշտ է արտահայտում ժողովրդի շահերը:
«Պայքարելու եմ, որ ազատամարտիկների մասին օրենքն ընդունվի, հարկավոր է նոր օրենք, որ բանակը հեռու մնա միտինգներից եւ քաղաքական այլ միջոցառումներից, պետք է շատ սոցիալական օրենքներ վերափոխել եւ այլն: Բոլոր օրինագծերը պետք է հեռու մնան կուսակցական եւ այլ մոտեցումներից ու հանգամանքներից»,-խոստանում է նախագահի թեկնածուն:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչն է դրդել Սարգսյանին առաջադրվել, եւ ով է ընտրելու իրեն՝ ասաց. «Բայց ինչու եք ինձ անմիջապես պատկերացնում նախագահի պաշտոնին: Ես այս երկրի քաղաքացին եմ, արյուն եմ տվել երկրի համար, գտնում եմ, որ պարտավոր եմ մասնակցելու երկրի բարելավմանը: Իմ ընտրողը լինելու է գյուղացին, ազատամարտիկը, մտավորականը: Ես միայն մի բան չեմ պատկերացնում, կարո՞ղ եմ դառնալ նախագահ, թե՞ ոչ, իսկ դուք շատ լուրջ եք վերաբերվում այս հարցին»,-ասաց նա լրագրողներին:
Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ առաջադրվելու համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, դուք ունե՞ք համապատասխան դրամական միջոցներ, կամ ո՞վ է ձեզ ֆինանսապես աջակցելու, Սարգսյանն ասաց. «Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, ավելի ճիշտ՝ չեմ ուզում ասել, կգա ժամանակը խաղաքարտերը կբացեմ: Ես՝ որպես գիտնական, ազատամարտիկ, անձամբ այդքան գումար չունեմ, բայց իմ համակիրները հայթայթում են համապատասխան գումարը»:
Սարգսյանը հավելեց, որ եթե համարձակվել է մտնել ընտրապայքար, ապա մեծագույն հաճույքով կպայքարի բոլորի դեմ: Իսկ որպես հնարավոր մրցակից տեսնում է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ