Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյանքը՝ մեռնելիս են հասկանում

Օգոստոս 02,2012 14:00

Այսօր, ով քաջնազարի բախտով ինչ-ինչ պաշտոն է ձեռք գցել, կամ հայտնվել է որոշակի կարողության գագաթի, ոգեւորությունից՝ իրեն հավերժության սինդրոմ է վերագրում: Այդ էակները աշխատում են հիմնովին փոխել ծնողներից ժառանգած գեները եւ փորձում են ամեն կերպ մոռացության տալ անցյալը, քանզի այդ անցյալն այլ կյանքի սկիզբ պետք է լիներ, իսկ իրենք ապրում են լիովին ուրիշ կյանքով: Արարածների այս տեսակին թվում է, որ իրենք գոյատեւելու են հավերժ եւ արարելու են մշտապես: Հարց է առաջանում, մի՞թե նրանց հաջողվել է լիովին անշնչացնել իրենց հոգիները եւ առաջնորդվել միայն մարմնի կանչով: Ցավոք սրտի, այո: Նրանք լիովին անզգայացրել են իրենց մարդկային խաչը եւ այն փոխակերպած փայտյա խաչի, շարժվում են առաջ՝ տրորելով այն ամենն, ինչ հանդիպում է նրանց ճանապարհին: Այդ պարագայում, նրանք կորցնում են նաեւ հետ նայելու սովորությունը եւ նույնիսկ չեն զգում իրենց ետեւից թողած հոգեւոր ու ֆիզիկական մոխրակույտերի գոյությունը: Նրանց նկարագիրը մոտավորապես այսպիսին է. արտաքինով հիշեցնում են մարդ արարածների, իսկ էությամբ՝ ռոբոտների: Ցանկացած զգոնացում դուրս է նրանց ծրագրերից, քանզի ռոբոտները հոգեւոր ազդակներ չեն ճանաչում: Մարդկային այդ տեսակն իրեն երջանիկ է համարում, քանզի նրանց համար կյանքը լրիվ նույնացվում է նյութի հետ: Այդ արարածների կյանքի բանաձեւը՝ միմիայն հարստանալու եւ երբեք չհագենալու մոլուցքն է, եթե նույնիսկ շուրջը համատարած սով է, պատերազմ, արտագաղթ, կոտորած, երկրաշարժ եւ բնական ու անբնական այլ ավերածություններ: Այդ տեսակն իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում եւ կուտակվող ամեն հերթական կոպեկը նրան ավելի է ոգեւորում ու ավելի անսիրտ դարձնում: Այդ արարածներն առանց աչք թարթելու կարող են ոտնատակ անել բոլոր սրբությունները, կարող են հեշտությամբ ջնջել իրենց բոլոր կապերն անցյալի, ներկայի հետ, միայն թե իրենց ապագան ուրվագծվի մեկ դրամ ավելիով: Այդ տեսակը ոչինչ չի հիշում իր կարկատած շորերի, սոված օրերի, իրեն շարունակաբար օգնած դասընկերների, նույն հարկի տակ ծնված եւ երկար-երկար տարիներ թերսնման սինդրոմը ոչ մի կերպ չհաղթահարած մի ամբողջ մանկություն եւ պատանեկություն՝ համատեղ ապրած քույր-եղբայրների, իր հայրական տան, իր դպրոցի, իր առաջին ուսուցչի, իրենց մարալ կովի, ջեկո շան, լեսի կատվի… նույնիսկ իր մանկության՝ գեթ մեկ օրվա մասին: Նրանք շատ հաճախ չեն հիշում նույնիսկ իրենց ծննդյան օրը, որի մասին հիմնականում նրանց հիշեցնում են մտերիմները: Նրանք այդ օրը փորձում են նշել շատ ճոխ եւ որի հիմնական ,խորհուրդըե օրվա ավարտին դառնում է ծննդյան նվերների հեղինակների եւ դրանց գների վերաբերյալ թեժ քննարկումները: Մարդու այս տեսակը մեծ դժվարությամբ է բաժանվում փողից: Եթե չունեւոր մեկը նրանցից պարտքով փող խնդրի, նրանք հիմնականում մի պատասխան են տալիս. փող ունեն, բայց գործի մեջ է: Կամ էլ ասում են. ,այ ցավդ տանեմ, կողքից բոլորին թվում է, որ մենք միլիոնատեր ենք, սակայն դա այդպես չէ: Էնքան վատ ա գործերս, որ մի կոպեկ փող չունեմ եւ ինքս պետք է ուրիշից պարտքով փող վերցնեմ: Թե չէ, դրա էղածն ինչ է, որ ձեռս ըլներ՝ չտայիե: Այդ պահին երկու բան ես մտածում. կամ էս մարդը հոգի, սիրտ, խիղճ, հիշողություն չունի, կամ էլ քիչ է մնում ասես. կփորձեմ մի քիչ շատ ճարել, որպեսզի մի մասը քեզ տամ՝ յոլա գնաս, մինչեւ փող կունենաս՝ կամ կտաս, կամ էլ՝ ոչ: Այդ մարդկանց վերաբերմունքն իրենց չունեւոր հարազատների եւ ընկերների վերաբերյալ այսպիսին է. ,այ աղքատ արարածներ, որ ձեզ պարտքով փող տանք, բա ումի՞ց ուզենքե: Շատ հաճախ, նույնիսկ դժբախտությունները՝ նրանք բերում են փողային հարթություն:

Հիշում եմ, մի անգամ այդ տեսակի մի մարդու ասացի. ,լսիր, եթե չեմ սխալվում, քո քույրը անբուժելի հիվանդ է եւ կարծեմ նրանց տանն աշխատող չկա, բա ո՞նց են առնում դեղերը: Նա շատ սովորական տոնով պատասխանեց. ես այդ մասին երբեք չեմ մտածումե:

Աշխարհում՝ մի բան կա միայն, որ ժամանակավորապես կարող է փոխել մարդու այս տեսակին. դա մահվան նկատմամբ սարսափն է: Սովորական մարդկանց համեմատ նրանց վախը կրկնակի մեծ է մի պարզ պատճառով. մահվան նկատմամբ վախին գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ նրանք մեկ ակնթարթում պետք է կորցնեն՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով կուտակած ողջ հարստությունը, որի ամեն կոպեկն իրենց համար ավելի մեծ նպատակ է եղել, քան շուրջը կործանվող հազարավոր մարդկային ճակատագրերի փրկությունը: Նման իրավիճակներում, այս ամենին՝ ֆիլմի կադրերի նման ավելանում են այդ ճակատագրերի խորտակման արդյունքում գոյացած՝ արյան օվկիանոսից մի կերպ փրկության ճիգեր գործադրող բյուր մարդկանց գունատ, վախեցած, հույս հայցող ուրվականները: Այդ պարագայում նրանք՝ նախկին անտարբերությամբ չեն կարող արհամարհել, տրորել, ստորացնել, ոչնչացնել, քանզի վախի սարսափը եւ ֆիզիկապես, եւ հոգեպես այնքան է թուլացրել նրանց, որ նրանք մտածում են միմիայն իրենց ապրելու եւ հարստությունը չկորցնելու մասին: Ռոբոտը, որ ռոբոտ է, երբեմն-երբեմն անսարք է դառնում եւ դա նրանից է, որ նրան եւս հանգիստ է պետք: Իսկ մարդու այս տեսակը, որի մասին խոսում ենք, երբեք հանգիստ չի ունենում, բացի այն դեպքերից, երբ նա մեռնելու աստիճան հիվանդ է: Միայն այս պարագայում է, որ նա ,պատրաստակամե է դառնում բաժանվել իր կյանքի միակ իմաստից՝ փողից եւ մեծ դժվարությամբ որոշակի բաժին տրամադրել իր բուժման համար՝ առանց մանրամասն հաշվարկներ կատարելու: Մարդու այդ տեսակը միայն այս դեպքում է դառնում ունակ՝ փոքր-ինչ հասկանալու կյանքը…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031