Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սաֆարյանը դիմում է Վճռաբեկ դատարան

Օգոստոս 02,2012 13:49

«Առավոտը» լուսաբանել է «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, գործարար Գագիկ Սաֆարյանի դատական գործընթացները: Նա խարդախությամբ իր ծանոթի որդուն 21 000 դոլարով բուհ ընդունելու մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 3 ամիս 11 օր ժամկետով ազատազրկման:

Դատավճռի դեմ բողոքներ էին բերել ինչպես դատախազ Արմեն Բոշնաղյանը, այնպես էլ Գագիկ Սաֆարյանը, նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտաշես Փարսադանյանը: Վճռաբեկ դատարանում դեռ չի նշանակված դատաքննության օրը:

«2011թ. փետրվարի 11-ին ես ձերբակալվել եմ, իսկ փետրվարի 12-ին ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 213 հոդվածի 1-ին մասով: Այն բանի համար, իբր ես խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու նպատակով, նախնական համաձայնության գալով Սերգո Աբրահամյանի հետ, վերջինիս ծանոթ Հակոբ Կոստանյանին Երեւանի պետական համալսարան ընդունելու պատրվակով՝ նրա հայր Սամվել Կոստանյանից Ս. Աբրահամյանի միջոցով 2008թ. հունիս-հուլիսին մաս-մաս խաբեությամբ ստացել եմ առանձնապես խոշոր չափի՝ 21 000 ԱՄՆ դոլար գումար եւ հափշտակել այն:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ես դատապարտվել եմ 3 տարվա ազատազրկման:

Իմ նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դեռ փորձաշրջանի ժամկետը չլրացած՝ ես կատարել եմ նոր հանցագործություն, վաշխառություն կատարելու դիտավորությամբ 2010թ. հունիսին ամսական 5 տոկոսի չափով Է. Իվանյանին պարտք եմ տվել 12 000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նա պահանջել է գերազանցող գումարներ՝ տոկոսը գերազանցող 1200 դոլար: Այս մեղադրանքը դատարանը չի ընդունել, միմյանց միջեւ հաշտության համաձայնագիր կնքելու պատճառով»,- ասում է Գ. Սաֆարյանը:

Այս տարվա ապրիլի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով (դատավոր՝ Մխիթար Պապոյան) Գագիկ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման:

Հունիսի 20-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց այս դատավճիռը, եւ այն, ըստ էության, մտավ օրինական ուժի մեջ:

«Կոստանյանի նկատմամբ 21 000 ԱՄՆ դոլարի պարտքն ամբողջությամբ վերադարձրել եմ դեռ 2010թ. ամռանը: Ս. Կոստանյանն, ի դեպ, ինձ բնակարան էր վաճառել 14 000 ԱՄՆ դոլարով, եւ ես նրա նկատմամբ որեւէ պարտքուպահանջ չունեմ: Նրա պատճառով ես տուժել եմ 10 000 ԱՄՆ դոլար, երբ նա բողոքել էր, եւ ես էլ գտնվում էի ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Ս. Կոստանյանը խոստացավ, որ իր բողոքը կվերցնի, սակայն նա դրժեց իր խոստումը»,- «Առավոտին» ասում է Գ. Սաֆարյանը:

Նրա գնահատմամբ՝ այդ ցուցմունքի արդյունքում ինքը պատանդի կարգավիճակով դեռեւս գտնվում է մեկուսարանում:

«Ս. Աբրահամյանն այդ գումարը հափշտակել է, Ս. Կոստանյանին հավատացնելով, թե նրա որդուն ԵՊՀ ընդունելու համար անհրաժեշտ էր այդ գումարը (ի դեպ, այն ժամանակ Ս. Սեյրանյանն էր նախարարը)»,- շարունակում է Գ. Սաֆարյանը:

Գ. Սաֆարյանը հայտնում է նաեւ, որ Սերգո Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, նրա նկատմամբ կիրառվել է համաներում: «Դատախազը հստակ իմանալով, որ Ս. Աբրահամյանը խաբեությամբ յուրացրել է 6000 ԱՄՆ դոլար գումար, հրաժարվում է այդ եղելությունից, ինձ բանտ է նստեցնում, իբր Ս. Աբրահամյանը կապ չունի այդ գումարի հետ: Իբր այդ գումարը ոչ թե ինքն է տվել ինձ, այլ՝ Կոստանյանը: Դատախազի ինչպիսի մեծահոգություն՝ հօգուտ Ս. Աբրահամյանի: Ես այս ամենին խոստանում եմ անդրադառնալ հրապարակային»,- հավելում է Գ. Սաֆարյանը:

Ի դեպ, Գ. Սաֆարյանն անդրադառնում է նաեւ «մեղմացուցիչ հանգամանքներին», որոնք դատարանների կողմից անտեսվում են եւ ձեւական բնույթ են կրում: Նա հայտնում է, որ գործում կային բազմաթիվ փաստաթղթեր այն մասին, որ մասնակցել է արցախյան պատերազմին, պարգեւատրվել է Շուշիի ազատագրման մեդալով, կազմակերպել եւ մասնակցել է բազմաթիվ հայրենասիրական եւ բարեգործական միջոցառումների:

«Ես չեմ լռելու: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ: Մոտ ապագայում դիմելու եմ ՀՀ նախագահին, ավելի մանրամասն ներկայացնելու եմ իմ դեմ «սարքված» գործի պատճառները, շարժառիթները:

Չեմ լռելու ԱԱԾ տխրահռչակ պաշտոնյաների մասին էլ: Ես համոզված եմ, որ արդարությունը ջրի երես է դուրս գալու, եւ փրկվելու է իմ պատիվը»,- ասում է Գ. Սաֆարյանը:

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ Գ. Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա պնդել է, որ իր մեղադրանքը կազմված է ենթադրությունների հիման վրա եւ «նպատակ ունի ինձ հասցնել նյութական, բարոյական, կենսական ոչնչացման»:

Գ. Սաֆարյանը Վճռաբեկ դատարանից էլ պահանջում է բեկանել իր գործը, եւ սահմանել իր նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031