Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք այդ խաղերի մեջ չներքաշվել»

Օգոստոս 02,2012 13:08

Գյումրու պատվավոր քաղաքացի, ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը խուսափում է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին գնահատելուց:

«Էնտեղ բոլորն իմ ընկերներն են, թեեւ Գյումրիից երկար ժամանակ բացակայել եմ, բայց շատ սերտ կապերի մեջ եմ, դրա համար, եթե հնարավոր է, ես որեւէ թեկնածուի մասին կարծիք չհայտնեմ, այդ խաղերի մեջ չներքաշվեմ»,- այսպես արձագանքեց «Առավոտի» հարցերին Գյումրիի վերջին քաղկոմի առաջին քարտուղար, ներկայումս ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, արմատներով գյումրեցի եւ Գյումրու պատվավոր քաղաքացի Տաճատ Սարգսյանը: Ընդհանրապես, Սարգսյանն այն կարծիքին է, որ Գյումրիի վիճակը շտկելու համար միայն քաղաքապետը քիչ է. «Անհրաժեշտ է հանրապետության ղեկավարության, կառավարության, նախագահի ամենօրյա եւ անմիջական միջնորդությունն ու օգնությունը: Քաղաք, որտեղ չկան աշխատող ձեռնարկություններ, աշխատանք, որտեղ մարդիկ անգործ են, մասսայաբար արտագաղթում են՝ ամենահզոր քաղաքապետն էլ շատ քիչ բան կարող է անել»: Նկատեցինք, որ հենց այդ նկատառումներով էլ ԲՀԿ-ն որոշել է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ նույն հիմնավորմամբ ասել է, որ ՀՀԿ-ն քննարկում է Բալասանյանին սատարելու կամ անգամ առաջադրելու հարցը: «Թույլ տվեք ես կարծիք չհայտնեմ»,- կրկին խուսափեց ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղարը:

Ի դեպ, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տարիներ առաջ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Տաճատ Սարգսյանին: «Առավոտի» այս դիտարկմանը Սարգսյանն արձագանքեց. «Այո, շնորհել է, որի համար էլ ես խորին շնորհակալություն եմ հայտնել: Ինքը շնորհել է, բայց ինչ-որ տեղ երեւի ես արժանիք ու վաստակ էլ եմ ունեցել: Վարդան Ղուկասյանը կարող էր դա չնկատել: Բայց որ նկատել է՝ ես խորին շնորհակալություն եմ հայտնել Ղուկասյանին, տեղի ավագանուն, իմ համաքաղաքացիներին»: Հետաքրքրվեցինք՝ Ղուկասյանից պատվավոր քաղաքացու կոչում ստանալն իրեն չի՞ պարտավորեցնում այսօր Ղուկասյանի կողքին կանգնել, մինչդեռ ինքն անգամ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ստորագրահավաքին չի միացել՝ պատճառաբանելով, թե իրեն մոտեցել են փողոցում, շատ անակնկալ: «Ես բոլորին ճանաչում եմ, բոլորի հնարավորությունները գիտեմ, բայց սրանից ավելի խնդրում եմ՝ ինձ այդ մասին մի հարցրեք: Ես շատ հարգում եմ Վարդան Ղուկասյանին, շատ ու շատ գնահատում եմ նրա 13-14 տարիների ծառայությունները, իմ կարծիքն ունեմ: Իմացա, որ դաշնակցականներն էլ իրենց թեկնածուին են առաջադրել, չնայած չիմացա, թե ում մասին է խոսքը: Սամվել Բալասանյանին են առաջադրում… բայց ավելին ասել չեմ ուզում»,- ասաց Տաճատ Սարգսյանը:

Սարգսյանից խնդրեցինք կարծիք հայտնել Գյումրիում քաղաքական կուսակցությունների վարքագծի մասին՝ զուտ իբրեւ ՀԿԿ ԿԿ երկրորդ դեմք: Վերջինս գերադասեց խոսել անցյալից. «Կոմունիստական կուսակցության իշխանության օրոք Գյումրին ծաղկեց ու բարգավաճեց: Գյումրին այն ժամանակ համեմատում էին եվրոպական քաղաքների հետ, որտեղ ծաղկում էին մշակույթը, սպորտը, արտադրությունը. 35 երկիր ապրանք էինք արտահանում: Մեկ գիշերվա ընթացքում Լենինականի տեքստիլ կոմբինատը 300 հազար մետր կտոր էր արտադրում: Հզոր թեթեւ արտադրություն ուներ, մեքենաշինություն, գիտական հիմնարկներ, բուհեր… Վերջերս մի առիթով Գյումրիում մի միջոցառման էի մասնակցում ու մտովի ետ գնացի, համեմատեցի ու հասկացա, որ Գյումրին շատ խեղճ վիճակում է: Դրա համար եթե ինձ հարցնում եք՝ Գյումրին ո՞վ կարող է ղեկավարել, որ ոտքի հանի, ես շատ կցանկանայի, որ կոմունիստական հասարակարգ լիներ: Կոմունիստները շատ արագ կարող էին Գյումրին ոտքի հանել: Երբ կոմունիստները եկան իշխանության, Գյումրին մի փոքրիկ քաղաք էր ընդամենը: Իսկ երբ մենք իշխանությունը հանձնեցինք, Գյումրին արդեն 250 հազար բնակչություն ունեցող, հզոր արդյունաբերությամբ քաղաք էր»: Նա նկատում է, որ Գյումրին կրկնակի հարված ստացավ՝ երկրաշարժը ու անկախության պտուղները, եւ հավելում. «Գյումրու բեռը Գյումրու ղեկավարության բեռը չէ՝ հանրապետության իշխանության, անձամբ նախագահի բեռն է: Դրա համար ես կցանկանայի, որ գյումրեցիները ճիշտ ընտրություն կատարեին, որպեսզի առաջիկայում գյումրեցու մեջքը շտկվի»: Թե ո՞րն է, իր կարծիքով, «ճիշտ ընտրությունը»՝ Տաճատ Սարգսյանը համառորեն լռում է:

Ի դեպ, ՀԿԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավարը՝ Գագիկ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանի տեղակալն է, ուստի Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում ՀԿԿ-ն անմիջական մասնակցություն է ունեցել քաղաքի կառավարման աշխատանքներին, հետեւաբար այդ չափով պատասխանատվություն է կրում արվածի եւ հատկապես չարվածի համար: «Գագիկ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի օրոք է տեղակալ, շատ լավ աշխատում է: Տեղյակ եմ, որ Վարդան Ղուկասյանը շատ գոհ է իրենից, մենք էլ գոհ ենք, որ քաղաքապետի տեղակալ ունենք իշխանությունում: Թող ինձ ներեն Գյումրու նախկին քաղաքապետերը, մեկն էլ հանգուցյալ է, բայց նրանք շա՜տ քիչ բան կատարեցին Գյումրու համար: Իսկ Վարդան Ղուկասյանի ժամանակ եւ Գագիկ Մանուկյանի տեղակալ եղած ժամանակ շա՜տ հսկայական աշխատանք կատարվեց, որը տեսանելի է եւ իմ, եւ գյումրեցիների կողմից: Կոմկուսի ներկայացուցչի ներկայությունը դրական ազդեցություն ունեցավ հարցերի լուծման վրա»,- ասաց Գյումրու պատվավոր քաղաքացին: Նկատենք, որ ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում Վարդան Ղուկասյանն արդեն մոտ մեկուկես տասնամյակ է՝ Գյումրու քաղաքապետն է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031