Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում գրադարանավարներին՝ ավելով դուրս գալ հրապարակ

Օգոստոս 02,2012 13:02

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն ու հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ գրքի հանդեպ պետության վերաբերմունքի մասին:

Օրերս կայացավ Հայկական գրադարանային ասոցիացիայի (նախագահ՝ Ռուզան Տոնոյան) եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (նախագահ՝ Մկրտիչ Կարապետյան) առաջին համատեղ նիստը, որտեղ բարձրացվեցին երկու ոլորտներին վերաբերող հիմնախնդիրները, համագործակցության հնարավորությունները եւ համատեղ ուժերով գրքի ոլորտի խնդիրները լուծելու հարցերը՝ հետագայում հուշագիր ստորագրելու ակնկալիքով:

«Առավոտը» հանդիպեց Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, «Անտարես» գրահրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին:

Ռուզան Տոնոյանը նախ նշելով, թե գրադարանային ոլորտում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել եւ համատեղ նիստը գրահրատարակիչների հետ հենց միտված է դրանց հնարավորինս արագ վերացմանը, ասաց. «Խորհրդային երկրի փլուզումից հետո գիրք-ընթերցող-գրադարան-հրատարակիչ խաթարված կապը թեեւ վերջին 5-6 տարիների ընթացքում ինչ-որ չափով վերականգնվել է, բայց դա բավարար չէ: Մեր ցանկությունն է այդ շղթան տեսնել ավելի սերտ, ակտիվ աշխատող»: Տիկին Տոնոյանը հաստատելով տարածված այն տեսակետը, թե գրադարանները քիչ են համալրվում, մանրամասնեց. «Օրինակ, համայնքային գրադարանները վերջին ավելի քան 20 տարիներին պարզապես չեն համալրվել: Իսկ եթե եղել են դեպքեր, ապա ընդամենը նվիրատվությունների տեսքով: Ինչ վերաբերում է քաղաքային ու մարզային գրադարաններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, դրանք համալրվում են, բայց՝ ոչ բավարար»:

Իր ղեկավարած գրադարանի օրինակով մեր զրուցակիցը հայտնեց. «Եթե, օրինակ, մեր գրադարանին տարեկան հատկացվում է X գումար, ապա ձեռք ենք բերում 2000-2500 միավոր գրականություն, ինչը դարձյալ բավարար չէ ընթերցողների պահանջները հոգալու համար»:

Այսօր գրադարանների չհամալրվելը, արդյոք, ուղիղ կապ ունի՞ Հայաստանում հրատարակվող գրքերի աստղաբաշխական գների հետ: Այս հարցի առնչությամբ Արմեն Մարտիրոսյանը փաստեց. «Գրքի գինը բոլոր ժամանակներում միշտ բարձր է եղել: Օրինակ, միջնադարում մեկ գիրքը փոխանակում էին մի քանի գյուղի հետ: Երբ հանրությունը հասկացավ, որ ավելի ձեռնտու է, որպեսզի հովվի խելացի զավակը չդառնա հովիվ, ինչի համար պետք էր գիտելիքների դուռ բացել, գիրքը սկսվեց վարձակալվել եւ ոչ թե գնվել, ինչին հաջորդեց գրադարանների ստեղծումը»: Հետո էլ անդրադառնալով հարցին՝ պատասխանեց. «Օրինակ, 20 տարի առաջ յուրաքանչյուր հրատարակիչ փորձում էր իր շահը առաջ տանել ու պաշտպանել: Ավելի ուշ՝ ոլորտի զարգացման հետ, առաջացան խնդիրներ, որոնք միայնակ չենք կարող լուծել: Դրա համար էլ համախմբվեցինք ու ստեղծեցինք հրատարակիչների ասոցիացիա: Հիմա էլ համախմբվում ենք այլ ուժերի, այս դեպքում՝ Գրադարանային ասոցիացիայի հետ, որպեսզի էլ ավելի արդյունավետ աշխատենք»:

Իսկ ի՞նչ լուծում կառաջարկեն մեր երկրում ամենացածր աշխատավարձ նախատեսված գրադարանավարի «մասով»:

«Չնսեմացնելով հավաքարարի աշխատանքը, որը ամենացածրն է վարձատրվում աշխարհում, այդուհանդերձ, կոչ եմ անում հայաստանցի գրադարանավարներին՝ մեկական ավել ձեռքները բռնած դուրս գալ հրապարակ՝ աշխարհին ցույց տալու համար, թե Հայաստանի իշխանությունը ինչ վերաբերմունք ունի գրքի նկատմամբ»,- հայտարարեց Մարտիրոսյանը: Տիկին Տոնոյանն էլ նշելով, թե գրադարանավարը գրքի մարկետոլոգն է, հայտնեց, որ վերջապես, թեկուզ ուշացումով, անհրաժեշտ է օրենքով հաստատված մշակութային օրենսդրության հիմունքների մասին պետական քաղաքականության ծրագիր, ինչը կգործի՝ անկախ պաշտոնյաների փոփոխությունից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031