Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նամակ Բաքվից

Օգոստոս 02,2012 12:40

Ուշադրության արժանի է Բաքվի ներկա դրությունը: Նավթային առեւտրի անտանելի ճգնաժամը ժողովրդին հուսահատության եւ վհատության է ենթարկել միանգամայն: Փոփոխությունը տակավին զգալի եւ ցավալի է. անցյալ տարվա ուրախ եւ գրեթե անհոգ ժողովուրդը այսօր նմանում է բացարձակ դեգերող երկչոտ ոչխարի հոտի: Բոլոր դասակարգերը զգում են նավթային արդյունաբերների այս տարվա կրած վնասների չարաչար հետեւանքների ճնշումը եւ ոչ մի անհատ ազատ չէ այսօր թե՛ ներկայի եւ թե՛ ապագայի ծանր հոգսերի ծանրությունից: Սակայն ամենից վշտալի եւ տխուր պատկեր է ներկայացնում աշխատավոր դասակարգը` բանվորները, արհեստավորները, գործակատարները, բազմաթիվ ֆոտոգենագործարանների եւ հանքահորների գործողության դադարումը հարյուրավոր եւ հազարավոր աշխատավոր ձեռքեր է թողել առանց որեւիցե պարապմունքի եւ ապրուստի միջոցների: Այն մշակները, որոնք քիչ թե շատ միջոց ունեն, անհապաղ աշխատում են հեռանալ իրանց հայրենիքը, իսկ նրանք, որոնք կարողություն չունեն` ստիպված են մնալ առայժմ կոտրած հույսերով Բաքու, ուր նրանք քաղցածության ճանկերից ազատ մնալու համար ստիպված են դիմել հազար տեսակ ներելի եւ աններելի միջոցների: Մարդու սիրտն է մորմոքում` նայելով այդ անբախտ էակների նիհար, դալկացած դեմքերի վրա, որոնք արտահայտում են մերթ խորին տրտմություն, մերթ հուսահատություն եւ մերթ աներկբա վճիռ… քաղցածությունը մարդուն անբարոյականացնում է, հանցավոր է դարձնում, անդունդն է գլորում… օ՜հ, դառն ճշմարտություն, մինչեւ ե՞րբ դու պիտի գոյություն ունենաս… Անգութ եւ անխղիճ է այն հանցավոր լաբիրինթոսը, որ անվանվում է Բաքու. Աստծուն, միայն Աստծուն է հայտնի, թե տարեկան որքան անմեղ, թարմ եւ աշխատող ուժեր է նա սպանում իր նավթային արդյունաբերություն ասված գազանային ճանկերում, թե որքան թշվառ զոհեր է անդունդը գլորում ու լափում այդ կատարյալ իրական դժոխքը: Հայրենի հովանքներից զրկված այն հարյուրավոր թշվառները, որոնք գաղթել են եւ այժմ իսկ չեն դադարում գաղթելու ոսկեխոս հույսերով դեպի այդ խավար տարտարոսը, արժանի են խորին ցավակցության եւ լուրջ մտածողության: Ի՞նչն է ստիպում այդ թշվառներին թողնել իրանց հայրենի հողը, ազատ գյուղային օդը, ընտանեկան նահապետական ու բարոյական ախտերի այդ կենտրոնները, ուր նրանք փչանում ու անհետանում են անհայտ կերպով. ի՞նչ միջոցներով է հնարին կապել այն վտանգավոր ախտի առաջը, որ անվանվում է գաղթականություն… Ահա այն նշանավոր հարցերը, որոնք այսօր արժանի են ամենայն մի խոհեմ ու հասկացող մարդու լուրջ ուշադրության: Բայց արդյոք նրանք արժանանո՞ւմ են այդ ուշադրության… ավա՜ղ, շատ քիչ կամ ամենեւին ոչ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

1882թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031