ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած այսօրվա ակցիայի ընթացքում ակտիվիստները պարբերաբար «Սերժիկ մարդասպան» կոչեր էին անում: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն չի դատապարտում նման կոչերը, այլեւ կարծում է, որ նախագահին քիչ է. «Մենք ասում ենք այն, ինչ իրականում կա: Եթե մարդասպանը չի դատապարտվում իշխանության կողմից, որը իրավասու է այդ պատիժը իրականացնել, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի նման ակցիաներ կազմակերպել, որ գոնե իր վրդովմունքը փողոցում արտահայտի»:
Նա այն կարծիքին է, նախագահին կամ պաշտոնյաների հասցեին ուղղված նման կոչերը իշխանությունները հանդուրժում են, որովհետեւ միջազգային կառույցներին ցույց տալու բան ունեն. «Իշխանությունները, երբ իրենց պետք է կարողանում են ճնշել եւ խոսքի ազատությունը եւ մեր հիմնարար բոլոր իրավունքները: Իմիտացիա է, որ թույլ է տրվում դեռ… ուղղակի սա մի պահ է, որ նրանք լռում են ու փորձում են ժողովրդավար խաղալ, որ միջազգային կառույցներին ցույց տան, երկիրը ժողովրդավարության ճանապարհով են տանում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, հասարակության պիկետներից իշխանությունները վախեցած են.«Հարսնաքարի պիկետներով, այսօր երիտասարդների խնդրով: Առջեւում նախագահական ընտրություններ են եւ փորձում են շղարշ ստեղծել, որ ժողովրդավար իշխանություններ են ու հաջորդ իշխանությունը եւս ապահովելու համար փորձում են համոզիչ լինել միջազգային ատյաններում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ