Լրահոս
Օրվա լրահոսը

84-ամյա կինը դատարանին առաջարկեց իրեն բռնաբարած 27-ամյա երիտասարդին վառել

Օգոստոս 01,2012 21:46

Օգոստոսի 1-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը ( դատավոր` Զոյա Զաքինյան) Լոռու  Լեջան գյուղում 1985թ ծնված, Տավուշի  Կողբ գյուղում  ժամանակավորապես բնակված Արեն Սարուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց  հինգուկես տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի:  Գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանն իր մեղադրական ճառում պահանջեց  Սարուխանյանին դատապարտել 6 տարի 8 ամիս ազատազրկման:

Ա. Սարուխանյանը ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, 2011թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք էր գործել Կողբի բնակչուհի, 1928թ. ծնված  Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկ,  միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, նրա  դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով  հարվածներ  հասցնելով` բռնաբարել է նրան:

Ա. Սարուխանյանը   Նոյեմբերյան քաղաքում  նման հանցանք, ամուսնացած հարեւանուհու նկատմամբ բռնաբարության փորձ  կատարելու համար 2009թ. նոյեմբերի 26-ին   դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա համաներումով  2011թ. մայիսի 31-ին  ազատվել է պատժի հետագա կրումից: Արփենիկ Անանյանի բռնաբարության համար Ա. Սարուխանյանը  2012թ.  հունվարի 26-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից  (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան)   դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման: Այդ ժամանակ հանրային պաշտպանի փաստաբանի ծառայություններից օգտված Ա. Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել եւ եւ միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Հետագայում նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել, թե իբր պաշտպանը իրեն  չի բացատրել արագացված դատավարության կարգը, ինքը բռնաբարության գործով մեղավոր չէ: Նրա վերաքննիչ բողոքը բավարարվել էր, նշանակվել էր  նոր դատաքննություն:

Օգոստոսի 1-ի դատաքննության ընթացքում եւս  Արեն Սարուխանյանին տրամադրվել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան:

Սարուխանյանը դատավարությանն ընթացքում  իրեն բռնաբարության մեջ  մեղավոր  չճանաչեց: Սկզբից նա հայտարարեց, որ ինքն այդ օրն ընդհանրապես Կողբում չի եղել,  հարեւանի աղջկա եւ թոռի հետեւից, տաքսիով  մեկնել է հարեւան Բերդավան գյուղ, հետո ասաց, որ երեկոյան տանն է եղել, գիշերը  բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ կապի մեջ  եղել  իր ընկերուհու հետ: Գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանն ամբաստանյալին հիշեցրեց, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրած իր բողոք –նամակներում Արեն Սարուխանյանը հայտնել է , որ ինքը գողության նպատակով մտել է Արփենիկ Անանյանի  տուն: Այս  հիշեցումից հետո Սարուխանյանն ընդունեց, որ գիշերով մտել է Արփենիկ Անանյանի տուն, սակայն` ոչ բռնաբարության համար, «իրեն վիզ փող էր պետք»: Նա փորձում էր  համոզել,որ ծեր կնոջ  տանն  փող չի գտել, ինքը պառավ կնոջը չի նկատել, սակայն Ա. Անանյանն իրեն տեսել է:

Արեն Սարուխանյանի մեղքը ապացուցվել է գործով նշանակված դատաբժշկական եւ այլ փորձաքննություններով, վկաների ցուցմունքներով, ուրիշ ապացույցներով: Մշտական աշխատանք չունեցող, վարձու աշխատանքներ կատարող  Արենը բռնաբարության  դեպքից մի քանի օր առաջ 3000 դրամ վարձավճարով  մանրացրել էր Արփենիկ Անանյանի վառելափայտը: Ծեր կինը Արենի հագած  սվիտերը  շոշափելուց, գիշերվա լռության մեջ հնչած  նրա ձայնից ճանաչել էր  իրեն բռնաբարողին:

Դատավոր Զ. Զաքինյանը տուժողին հարցրեց, թե նա  ինչ պատիժ  է  ցանկանում  Արեն Սարուխանյանի համար, 84-ամյա կինն ասաց.

– Ես ուզում եմ, որ  դատարանում, հենց տեղում նրան վառեք, եթե դա չեք անում,  արժանի պատիժ տվեք:

Դատարանում  Սարուխանյանը չէր զղջում, հաճախ անհարկի ժպտում էր, նա տուժողի  տղային եւ թոռներին փորձում էր հավատացնել,որ ինքը բռնաբարություն չի կատարել,  Արփենիկ Անանյանի թոռանը` Սամվել Անանյանին սպառնաց նրա վիզը կտրել: Դատական կարգադրիչները զսպեցին Սամվելին, ով   հարձակվեց Արենի վրա: Տուժողի տղան` 64-ամյա Սերյոժա Անանյանը  ամբաստանյալին սպառնաց, որ ազատության մեջ  հայտնվելու դեպքում  նրան մորթելու է: Դատավորի որոշումով  դատական կարգադրիչները հուզված Սերյոժային դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին:

Հավելենք, որ  մի քանի տարի առաջ  Արեն Սարուխանյանը Կողբ  գյուղում փաստացի ամուսնական կապի մեջ է  եղել մի կնոջ հետ, որից 3 տարեկան տղա ունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031