Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահական նստավայրի առջեւ 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր ՀԱԿ ակտիվիստներն ու համախոհները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան սկսվեց ու ավարտվեց ՝ «Ես ազատ քաղաքացի եմ, պայքարող քաղաքացի եմ: Այս տղաներն իմ ընկերներն են: Մերոնք դատվել են ապօրինի: Եթե նստում են՝ նստում ենք բոլորս, ու նստում ենք հենց այստեղ: Մենք ազատ քաղաքացիներ ենք, բանտերն արդեն ձեզ են սպասում, այ դուք պետք է նստեք» կոչերով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հատկանշական համարեց, որ ՀԱԿ-ի ձեւավորման 4 րդ տարեդարձը այս անգամ առանձնահատուկ են նշում: Ըստ նրա, սովորաբար հավաքվում էին Մ. Սարյանի արձանի մոտ ու շնորհավորում միմյանց. «Բայց այսօր խորհրդանշական եմ համարում, որ այն նշում ենք այս ակցիայով: Սա լավագույն խորհրդանիշն է, որը բնորոշում է Կոնգրեսի գործունեոթյան էությունը: Պայքարում ենք ու պայքարելու ենք մինչեւ վերջ: Պայքարելու ենք այն բանի համար, որ Հայաստանում հաստատվեն ֆունդամենտալ ժողովրդական ազատությունները, այդ նպատակներին հասնելու համար պատրաստ ենք նաեւ դիմագրավել ոստիկանական մահակներին ու եթե պետք է` նստենք բանտ»:
Բողոքի ակցիան նախագահական նստավայրի առջեւ երկար չտեւեց, ակտիվիստներն այն շարունակեցին Ազատության հրապարակում:
Կարդացեք նաև
Նախագահական նստավայրի առջեւ ակցիան միայնակ շարունակեց ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ինչպես նա ավելի վաղ ցույցի ժամանակ հայտարարել էր, փորձեց մոտենալ նախագահական նստավայրին, ինչը արգելեցին ոստիկանները: Նրան այդպես էլ չհաջողվեց դուրս գալ ոստիկանների շրջափակումից ու անցնել փողոցը: Նրա նախաձեռնությունն իրականացրեց նրա գործընկեր ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը: Նա Գասպարիի՝ ՀԱԿ բեյջը ձեռքին կարողացավ շրջանցել ու մի քանի րոպե մեջքով նստել նախագահական նստավայրի առջեւ: Հետո էլ ասաց, որ իրեն հերոս է զգում, որ կարողացավ շրջանցել ոստիկաններին ու մի քանի րոպե նստել այդտեղ: Վ. Գասպարին ու ոստիկաններն այս անգամ բաժանվեցին առանց բախման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ