Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Օգոստոս 01,2012 18:35

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Կառավարության ղեկավարն այցելել է հացահատիկի բերքահավաքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջել կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել հացահատիկի բերքահավաքի, աշնանա­ցան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով ցանքերի աշխատանքների ընթացքը:

Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարության անդամների և ՀՀ մարզպետների մասնակցությամբ` նշելով. ««Գյումրու սելեկցիոն կայանի» զարգացումը և կայացումը մեզ համար էական նշանակություն ունի, որպեսզի կարողանանք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում արդիականացնել սերմացուն»:

Օրակարգի առաջին հարցով «Գյումրու սելեկցիոն կայանի» տնօրենը զեկուցել է կատարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների ընթացքի և արդյունքների մասին և տեղեկացրել, որ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքները ժամանակակից չափանիշներին  համապատասխան  իրականացնելու  համար կայանը համագործակցում է աշխարհի  լավագույն` «ԻԿԱՐԴԱ», «ՍԻՄՄԻՏ», Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Խորվաթիայի սելեկցիոն կենտրոնների  հետ: Նա նշել է, որ «Գյումրու սելեկցիոն կայանը» զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ), ինչպես նաև այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: 2012 թ. համար հացահատիկային մշակաբույսերի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է 9400 ցենտներ` 2011 թ. 7100 ցենտների համեմատ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հավասարաչափ բաշխել բարձր վերարտադրության սերմերը` ըստ մարզերի տնտեսությունների:

Հաջորդիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է 2012 թ. աշնան և 2013 թ. համար ՀՀ մարզերում աշնանացան ցորենի առաջին վերարտադրության, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուների, պարարտանյութի և դիզելային վառելանյութի` ՀՀ մարզպետարաններից ներկայացված անհրաժեշտ պահանջարկի մասին: Արծարծվել է նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրով «Վանաձոր Քիմպրոմ» ՍՊԸ-ի կողմից պարարտանյութերի տեղական արտադրության, մասնավորապես, պարարտանյութերի գների, քանակների և դրանց իրացման հարցը, որի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` արձանագրված խնդիրները մասնագետների հետ քննարկելու և սեղմ ժամկետներում դրանց լուծման տարբերակները ներկայացնելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031