ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված ծանրոցի նախնական զննման ժամանակ գետնանուշի յուղի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Բագրատաշենի մաքսակետում ևս կանխվել է մաքսանենգության դեպք. զննության է ենթարկվել «KAMAZ» մակնիշի ավտոմեքենան, որն Իրանից Մեղրիի մաքսակետով տարանցիկ փոխադրում էր վրացական ընկերությանը պատկանող 8.5 տոննա ընդհանուր քաշով բեռ: Այստեղ էլ պարզվել է, որ Այնթապ գյուղի տարածքում բեռնատարի փականն առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու բացվել է և եղած բեռը, մասնավորապես` զուգագուլպաներ և ռետինե արտադրանք, փոխարինվել է նույն քաշի այլ ապրանքով:
Նման մեկ այլ դեպք էլ բացահայտվել է Բավրայի մաքսակետում, երբ Վրաստանի քաղաքացի Մոռալիշվիլին փորձել է հայտարարագրված մոտ 5 տոննա գազարի անվան տակ Հայաստանից Վրաստան արտահանել մոտ 10 տոննա խաղող` իր օրինազանցությունը պատճառաբանելով այն հանգամանքով, որ Վրաստանում արգելված է խաղողի ներկրումը:
Իսկ «Ֆիրմա Նյու» մաքսային հսկողության տարածքում էլ արտաքին տեսողական զննման է ենթարկվել քաղաքացի Սասուն Կոծինյանի կողմից ՀՀ ներմուծված բեռը տեղափոխող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա հայտարարագրված և առկա բեռի քաշի միջև: Տիրոջ իսկ խոստովանությամբ Բագրատաշենի մաքսակետում բեռը ստուգելուց և կապարակնքելուց հետո մինչև մաքսային պահեստ մտնելը, առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու, չհայտարարագրված ապրանքի մի մասը` 640 կգ ընդհանուր քաշով հագուստ և կենցաղային ապրանքներ ինքը բեռնաթափել է Աբովյան քաղաքի իր ավտոտնակում` մաքսային վճարներից խուսափելու նպատակով, – հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կարդացեք նաև
«ՓԱՍՏԻՆՖՈ»