Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՏԻՄ-երի շրջանում ինստիտուցիոնալ զարգացման առումով կրթության պակաս կա

Օգոստոս 01,2012 17:52

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում տեղեկատվության, իրավական գիտելիքների եւ, ընդհանրապես, ինստիտուցիոնալ զարգացման առումով կրթության պակաս կա:

Այդ բացը լրացնելու համար էլ այսօր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության ջանքերով ու «Counterpart international» կազմակերպության ֆինանսավորմամբ «ՏԻՄ-երի կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացը մի սեղանի շուրջ էր հավաքել Լոռու եւ Շիրակի մի շարք համայնքների ղեկավարներին, համայնքների աշխատակազմի ղեկավարներին եւ որպես դասընթացավար ընտրված պատգամավորին:

«Շարունակական, անընդհատ կրթությունը կարեւոր է, անհրաժեշտ է անընդհատ թարմացնել գիտելիքները: Անհրաժեշտություն կա տեղի ունեցած օրենսդրական նոր փոփոխությունները, իրավական դրույթները ներկայացնելու ՏԻՄ-երի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք վերադառնան իրենց համայնքներ ու այդ գիտելիքները կիրառեն առօրյա գործունեության մեջ»,-նման դասընթացների անհրաժեշտության ու կարեւորության մասին է պատմում Մարուքյանը` նշելով սակայն, որ գործընթացը երկկողմանիություն է պահանջում:

«Երկկողմանի գործընթաց է, միայն տալով չէ, մյուս կողմից էլ պիտի հետաքրքրություն լինի եւ կամք լինի դա կիրառելու համար»:

Կենտրոնում հավաքված ՏԻՄ–երի նորընտիր ներկայացուցիչները, ովքեր արդեն անցել են ընտրությունների միջով, մի քանի օրում հնարավորություն կունենան ուսումնասիրելու ՏԻՄ-ի օրենսդրության ընդհանուր նկարագիրը, խորացնելու գիտելիքները պետական եւ տեղական մարմինների փոխհարաբերությունների ոլորտում, գիտելիքներ ստանալ ՏԻՄ-երի նկատմամբ վարչական հսկողության, կադրերի կառավարման, առաջնորդության եւ ռազմավարական պլանավորման եւ այլ թեմաներից:

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ ղեկավար Արփինե Հակոբյանն էլ նշում է, որ դասընթացը հնարավորություն կտա ՏԻՄ ներկայացուցիչներին ստացած գիտելիքները կիրառել ու անհրաժեշտ քայլերն անել` զարգացնելու իրենց համայնքները:

Նրա կարծիքի հետ համամիտ է նաեւ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:

«Յուրաքանչյուր դասընթացի կազմակերպում ինքնին կարեւորություն է, քանի որ դասընթացների ժամանակ մենք ձեռք ենք բերում լրացուցիչ գիտելիքներ, որոնք վերաբերում են մեր աշխատանքին, մեր գործունեությանը, կարողանում ենք ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը»:

Նա մտադիր է դասընթացի հաջորդ օրերին իր աշխատակիցներին եւս գործուղել Վանաձոր:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031