Կապանում հուլիսի 31-ին 14-ամյա աղջիկը Ձորք թաղամասի հետիոտնի համար կառուցված վերգետնյա կամրջից ուզում էր իրեն ցած նետել: Ահազանգ ստացած ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները ժամանել են դեպքի վայր եւ Կապանի մանկական կենտրոնի, Սյունիքի մարզպետարանի երեխաների, կանանց եւ ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետների հետ համատեղ, երեխայի հետ տարած երկար բանակցությունից հետո, կարողացել են երեխային ցած իջեցնել կամրջից ու կանխել ինքնասպանությունը:
Այժմ 14-ամյա աղջիկը գտնվում է Կապանի մանկական վերականգնողական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո ու հոգեբանի կողմից արդեն 2-րդ օրն է՝ համապատասխան աշխատանքներ են տարվում նրա հետ:
Կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանի փոխանցմամբ` աղջիկը դուրս է եկել շոկային վիճակից, հոգեբանի հետ կիսվել է իր կատարած քայլի դրդապատճառների մասին եւ այժմ նրա վիճակը բավարար է գնահատվում, բայց հոգեբանը շարունակելու է աշխատանքներ տանել նրա հետ:
Բացի երեխայից` կենտրոնում աշխատանքներ կտարվեն նաեւ նրա ծնողների հետ: «Երեխան մեր ուշադրության կենտրոնում է եւ ամեն ինչ արվելու է նրան կյանքի բնականոն հուն վերադարձնելու համար: Բարեբախտաբար, այս անգամ Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցների շնորհիվ կարողացանք կանխել ինքնասպանությունը եւ փրկեցինք մեկ անչափահասի կյանք: Մինչեւ այժմ նմանատիպ դեպքերը ավարտվել էին մահվան ելքով»,- նշել է Սյունիքի մարզպետարանի երեխաների, կանանց եւ ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը:
Կարդացեք նաև
14-ամյա աղջիկն ունի մեկ եղբայր, ով ծառայության մեջ է գտնվում, քույրն ամուսնացած է, իսկ ինքն ապրում է իր ծնողների հետ: Հարեւանների ունեցած տեղեկություններով` աղջկա ինքնասպանության փորձի հիմքում անձնական հարցեր են ընկած եղել: Ծնողներն արգելել են նրան շփվել տղայի հետ, ինչն էլ դրդել է նրան այդ քայլին դիմել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ