Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը չի մեկնաբանում ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը

Օգոստոս 01,2012 16:55

Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյան

Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետը փոխանցեց, որ դատարանի որոշումները քննարկելու ոչ իրավունք ունի, ոչ՝ ցանկություն:

Հիշեցնենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի որոշմամբ անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող եւ չհեռանալու մասին ստորագրությամբ այն ժամանակ ազատ արձակված Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման: Կարապետյանը, Գեւորգյանն ու Քիրամիջյանը առայժմ ազատության մեջ են, մինչ բողոքարկման գործընթացի ավարտը:

Ալիկ Սարգսյանը, ով այդ միջադեպի եւ ակտիվիստների դեմ քրեական հետապնդում սկսելու ժամանակաշրջանում դեռ զբաղեցնում էր Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը, այսօր մեզ հետ զրույցում վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն չի եղել, իսկ թե ինչ վճիռ է կայացրել դատարանը, ասաց՝ դա իր խնդիրը չէ։

«Ես շատ լավ եմ հիշում ոնց էր եղել կռիվը, ոնց էր խփել մեր ոստիկանության աշխատողի քիթը կոտրել. քրեորեն պատժելի արարք էին թույլ տվել, հարուցվել էր քրեական գործ, որն անցել է բոլոր ինստանցիաներով՝ ոստիկանությունով, քննչականով, դատախազությունով հաստատվել է, դատարանով դատվել է, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ ընդգծելով , որ ի սկզբանե գործով օբյեկտիվ քննություն է իրականացվել. – «Ամեն ինչ ճիշտ է եղել, քրեական գործը ճիշտ ուղիով է ընթացել, եւ նա մեղադրվել է: Իսկ դատարանի վճիռը քննարկելու նույնիսկ բարոյական իրավունք ես չունեմ… եթե նույնիսկ բաց է թողել, կամ պարգեւատրել է … չգիտեմ, ինչ որոշել է դատարանը՝ ճիշտ է արել: Ես դրա մասին նույնիսկ կարծիք չեմ ուզում հայտնել»:

Տիգրան Առաքելյանը դատարանում իր պաշտպանական ճառում «պատվիրված», «հաշվեհարդար» է որակել իր դեմ քրեական հետապնդումը՝ ակնարկելով, թե պատվիրատուն ի սկզբանե եղել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Որպես ասածի հիմնավորում ակտիվիստը վկայակոչում էր մինչ Կարապի լճի միջադեպը նախկին ոստիկանապետի դեմ իր դատական հայցը, որով Ալիկ Սարգսյանից պահանջել էր ներողություն խնդրել ասուլիսներում իր անմեղության կանխավարկածը խախտելու համար։

Ալիկ Սարգսյանը «ծիծաղելի» որակեց այդ փաստարկները՝ հայտարարելով, որ «անլուրջ» է վերաբերվում այդ ամենին եւ չի ցանկանում արձագանքել:

ՀԱԿ ակտիվիստները, ընդդիմադիր Կոնգրեսն ու իրավապաշտպանները Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանի հուլիսի 20-ի որոշումը շարունակում են համարել «ապօրինի» եւ քաղաքական՝ պահանջելով դադարեցնել քրեկան հետապնդումը, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Այսօր երեկոյան նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ կայանալիք բողոքի ակցիայով:

Իրինա Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031