Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. Ներողություն եմ խնդրում աղջիկներից

Օգոստոս 01,2012 16:36

«Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում» հ/կ-ի խորհրդի նախագահ, իրավաբան Ամո Շարոյանը նեղված է Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի՝ վերջերս մի ասուլիսում արած այն հայտարարությունից, թե ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխությունները՝ ամուսնության տարիքի մասին, նպաստում են եզդիների արտագաղթին:

Ըստ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի, ամուսնության նվազագույն տարիք է սահմանվել 18 տարեկանը: Հայաստանի գործող Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնանալու նվազագույն տարիքը մինչ այդ աղջիկների համար 17-ն էր, տղաների համար՝ 18-ը: Ազիզ Թամոյանը նշել էր, որ նախագիծը «դժբախտություն» է իրենց համար, քանի որ եզդի աղջիկներն ավելի վաղ են ամուսնանում, իսկ 18 տարեկանը արդեն պառավ է ընկալվում:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ տարիքի փոփոխությունը չի կարող արտագաղթի պատճառ հանդիսանալ եզդիների համար, քանի որ մեր պարագայում արտագաղթը իր ուրույն պատճառներն ունի, ու տեղին չէ դրա տակ նման կոչեր անել»,- ասում է Շարոյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում պնդում է, որ ճիշտ է՝ եզդի աղջիկների դեպքում եղել են 16-17 տարեկանում՝ ամուսնացողներ, սակայն 13-14 տարեկաններ չկան:

«Ուղղակի ինքը կարդացել է, որ 10-11-րդ դարերում նման բաներ եղել են, բայց մոռանում է, որ 21-րդ դարում 13 տարեկանում ամուսնանալը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Համ էլ եթե 14 տարեկանը տանը մնացած է, ուրեմն, ստացվում է՝ 20-22 տարեկանը արդեն պառա՞վ է: Սրա հետ ոչ մի քաղաքացի չի կարող համաձայնել»,-նշում է մեր զրուցակիցը:

Նաեւ հավելում է. «Ամուսնությունը կնոջ եւ տղամարդու փոխադարձ համաձայնության, սիրո հիման վրա կնքված բան է, որը կարող է գրանցվել ամբողջ կյանքի ընթացքում եւ ոչ թե կոնկրետ 18 կամ 20 տարեկանում: Այնպես որ, չի կարելի մի ամբողջ ժողովրդի անունից հայտարարություններ անել: Ես ներողություն եմ խնդրում մեր աղջիկներից նման արտահայտության համար»:

Շարոյանի ասելով, քանի որ մեր օրերում վաղահասունացման միտում կա, պետք է օրենքի նախագծում տեղ գտնի մի կետ, որ բացառիկ դեպքերում կարելի է թույլ տալ ավելի վաղ տարիքում ամուսնանալը: Մասնագիտությամբ իրավաբանը նաեւ օգտվելով առիթից՝ առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա աշխատող հանձնաժողովի կազմում ներգրավել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031