«ՕԵԿ-ի` Վարդան Ղուկասյանին սատարելն անհեթեթություն եմ համարում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա բացատրեց` «Ոչ թե արժանի չի սատարման, այդ իմաստով չեմ ասում, այլ այն իմաստով, որ թեկնածուների հնարավոր խումբը հայտնի չէ, դեռ չեն առաջադրվել, ՕԵԿ-ն արդեն հայտարարում է կոնկրետ մեկին սատարելու մասին: Կապ չունի` Վարդան Ղուկասյա՞նն է նա, թե՞ մեկ այլ մարդ: Սա նշանակում է, որ ինքը «ֆալշ ստարտ»` կեղծ ստարտ է անում: Իսկ դա նշանակում է, որ իրեն հրահրել են նրան սատարել: Ուրիշ կուսակցություն կսպասեր թեկնածուների ողջ սպեկտորը կտեսներ, կասեր` ախպեր, ճիշտ է, մենք այսինչ մարդուն շատ էինք հավանում, բայց դու մի ասա` այսպիսի թեկնածուներ էլ կան: Ի վերջո կարելի է իրենց հասկանալ` մյուս հնարավոր թեկնածուն` Սամվել Բալասանյանը թողել է իրենց կուսակցությունը ժամանակին, փոխել է ճակատագիրը, եւ դրանով վրեժ է լուծում»:
Լեւոն Բարսեղյանը կանխատեսում էր արել, որ Վարդան Ղուկասյանն այնքան տխուր է, վատ տրամադրություն ունի եւ չի առաջադրվի: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց են այդ տեղեկությունները, որ նա չի պատրաստվում առաջադրվել: Լեւոն Բարսեղյանը պարզաբանեց. «Չկան լուրեր, որ նա առաջադրվելու է, եւ չկան լուրեր, որ չի առաջադրվելու: Բայց ՀՀԿ մարզխորհրդի նիստում իր պահվածքից, իր պաշտոնից հրաժարման պահին իր տեսքը, իր խոսքերը, եկեղեցուն նորից անդրադառնալը… հուսահատության էլեմենտներ եմ տեսել ես: Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ