Նախորդ շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարի 2012թ.-ի Թերջենյան- Թոմաս կամավորական ծրագրի շրջանակներում կամավորները հանդիպում ունեցան կոնգրեսում Հայկական խմբի համանախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի հետ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Կոնգրեսական Ռոյսը, ով ներկայացնում է Կալիֆորնիայի 40-րդ ընտրատարածքը, ծառայում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում և 1993թ. իր պարտավորություններին անցնելուց ի վեր հանդիսանում է մարդու իրավունքների առաջատար պաշտպան:
ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վաղեմի կողմնակից կոնգրեսական Ռոյսն իր ամուր աջակցությունն է ցուցաբերել հայ համայնքին վերաբերող մի շարք կարևոր հարցերի նկատմամբ` Թուրքիայում ապրող փոքրամասնությունների կրոնական ազատությունից սկսած մինչև Ազատության ակտի 907-րդ հոդվածի ընդունում, որն օրենքի է վերածվել Արդբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական գործողությունների արդյունքում: Կոնգրեսական Ռոյսը նաև կիսվեց իր մտահոգություններով, որոնք վերաբերում էին վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված զինադադարի խախտումներին և նշեց, որ կողմ է օգնության հատկացումների կրճատումներին, եթե նման կոպիտ խախտումները շարունակվեն:
«Կամավորների և ողջ երկրով մեկ սփռված ամերիկահայերի անունից ցանկանում եմ երախտապարտություն հայտնել կոնգրեսական Ռոյսին մեզ հետ հանդիպելու և այս կարևոր խնդիրների շուրջ իր տեսանկյունն արտահայտելու համար»,- նշեց Անի Պեկջյանն, ով Փենսիլվանիայում Ուրսինուս համալսարանի ուսանող է և ով իր կամավորական աշխատանքն է իրականացնում Հայ Ազգային Ինստիտուտում:
Կարդացեք նաև
Համագումարի Թերջենյան- Թոմաս կամավորական ծրագիրը հնարավոր է դարձել Արամ Թերջենյանի, Անի Թոմասի և Ֆլորենս Թերջենյանի ստեղծված Հիշատակի հիմնադրամի, Ջոն Հանեսյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Արմեն Աստարջյանի կրթաթոշակային հիմնադրամի, Օհանյան հիմնադրամի, Ջեյմս և Քոնի Մելիքյանների և «Վարդանի ասպետներ»-ի շնորհիվ: