1 օգոստոսի, 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու է առաջադրել բազմամյա կուսակցական, «Ժառանգության» Թալինի ստորաբաժանման ղեկավար Տիգրան Սարգսյանին:
Պրն. Սարգսյանը մաթեմատիկոս է, ուսանել եւ 1985-ին ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Հետագայում վերապատրաստվել է համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ: Աշխատանքային կենսագրությունը սկսել է 22-ամյա հասակում, որպես Թալինի թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ, հետագայում տարբեր տարիների աշխատել է «Արմենթելի», «Հայաստանի էլեկտրացանցերի», «Հայփոստի» Թալինի ստորաբաժանումներում` իբրեւ ինժեներ-ծրագրավորող, այժմ վերադարձել է մանկավարժական աշխատանքի:
Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել դեռ ուսանողական տարիներից. 1985-ին Երեւանի մարզահամերգային համալիրի հրդեհից հետո կազմավորել է կամավոր ուսանողական ջոկատ եւ մասնակցել շինվերանորոգման աշխատանքներին, 1988-ից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 2003-ից անդամագրվել է «Ժառանգությանը», ղեկավարում է կուսակցության Թալինի ստորաբաժանումը: 2006-ին առաջադրվել եւ ընտրվել է Թալինի ավագանու անդամ: 2009-ի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել:
Կարդացեք նաև
Պրն. Սարգսյանը հպարտանում է, որ Մուշից տարագրած եւ 37-ի ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած իր պապը եղել է Մշեցի Մուրադի զինվորներից մեկը, ով իր գերդաստանին պատգամել է ապրել այն քարքարոտ, թեկուզ անբերրի հողի վրա, որտեղ ինքը գտել էր նոր հայրենիք եւ հետագա սերունդները պահել են պատգամը: Պրն. Սարգսյանի ընտանիքը` մայրը, կինը, դպրոցահասակ որդին եւ դուստրը ապրում են Թալինում:
«Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ավագանու ընտրություններում եռամյա ընդմիջումից հետո կրկին առաջադրելով Տիգրան Սարգսյանի թեկնածությունը` կոչ է անում իր համակիրներին, Թալինի ողջ ազգաբնակչությանը օգոստոսի 5-ի ընտրություններում քվեարկել հօգուտ «Ժառանգության» թեկնածուի:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն