Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները բողոքում են

Օգոստոս 01,2012 15:40

Վահե Ավետյանի հիշատակին մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Ոստիկանությունը խոչընդոտում է Վահե Ավետյանի իրավահաջորդ` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբանների աշխատանքը` մինչ օրս նրանց չտրամադրելով քրեական գործի նյութերը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Գառնիկ Ավետյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

Հիշեցնելով, որ քրեական գործը հարուցվել է մոտ մեկեւկես ամիս առաջ, նա ընդգծեց, որ նյութերն իրենց չտրամադրելով` Ոստիկանությունը ոտնահարում է օրենքը:

Ազգային ժողովի hանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անցմահացավ։

«Ամսի [հուլիսի] 25-ին մենք ներկայացրեցինք միջնորդություն` գործի նյութերին ծանոթանալու եւ պատճենները տրամադրելու մասին։ Այդ միջնորդությանը ծանոթացավ քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանը` աշխատասենյակում իր, եւ մեզ հայտնեց` ինձ, Լուսինե Հակոբյանին եւ Գառնիկ Ավետյանին, որ «վաղը», այսինքն` ամսի 26-ին, ժամը 2-ին, «կարող եք զանգահարել, գալ, ստանալ պատճենները եւ ծանոթանալ բոլոր այն նյութերին, որոնց պատճենները ստանալու իրավունք քրեական դատավարությունը չի նախատեսում», – փոխանցեց փաստաբանը։

«Ողջ [հուլիսի] 26-ին [Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի բաժնի քննիչ Ռուբեն Մկրտչյանը] չէր պատասխանում իմ հեռախոսազանգերին», – շարունակեց Եգորյանը: – «Ամսի 27-ին նոր ես կարողացա նրա հետ կապվել` հեռախոսով, եւ նա ասաց ինձ, որ այսուհետ բոլոր խոսակցությունները վարելու է գրավոր, եւ խնդրեց պահպանել միայն այդ շփման ռեժիմը եւ հայտնեց, որ մեր ներկայացրած միջնորդությանը նա գրավոր կպատասխանի։ Ես առարկեցի` ասելով, որ «չէ որ դուք արդեն բավարարեցիք էդ միջնորդությունը եւ մեզ ասացիք, որ ներկայանանք` ստանալու համար պատճենները եւ ծանոթանալու համար»։ Նա նորից կրկնեց, որ «ոչ, ես գրավոր կպատասխանեմ»։

«Սա ուղղակի անհավանական հակասություն է վարույթ իրականացնող մարմնի կողմից` իր գործողությունների եւ իր հայտարարությունների, որովհետեւ նա պաշտոնատար անձ է, իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում ծանոթանալով մի փաստաթղթի` հայտարարում է իր որոշման մասին, այնուհետեւ, ըստ էության, հրաժարվում է այդ որոշումից», – ընդգծեց փաստաբանը` հավելելով. – «Սա առնվազն անհասկանալի է»։

Սարգիս Հարությունյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031