Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին անարդար է համարում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա վճիռը եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել:
Այս մասին «Ա1+ »-ի հետ զրույցում ասաց «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը:
Նշենք, որ դատարանը երեկ դատավոր Ռ.Ներսիսյանի նախագահությամբ մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի` գտնելով, որ թերթի էջերում տեղ գտած արտահայտություններն ու ծաղրանկարները վիրավորական չեն:
«Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ « Իրավունքը » կազմակերպությանը մեղադրում է մանկապղծության, պոռնոգրաֆիա քարոզելու եւ այլ մեղքերի մեջ:
«Կյանքի խոսքը » վիրավորական և զրպարտություն է համարում նաեւ թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ`դերասանուհի Անժելա Սարգսյանի ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը:
Կարդացեք նաև
Հայցվորը դրամական պահանջ չէր ներկայացրել թերթին եւ հասցված վիրավորանքի դիմաց պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը:
Դատարանը գտավ, որ վերոնշյալ արտահայտությունները վիրավորանք չեն եւ մերժեց հայցը` վճռելով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձել 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցել 1500 ՀՀ դրամ: Վճիռը դատարանում ընդունվել է « Իրավունքի » սեփականատեր Հայկ Բաբուխանյանի կողմնակիցների ծափողջույններով :
Մանրամասն՝ կարդացեք այստեղ