Նախկին ՀԺԿ անդամ, ներկայիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը վստահեցնում է, որ ինքը երբեւէ չի թաքցրել, որ նախկինում գործել է ընդդիմադիր դաշտում: Ըստ նրա, ԱԺ պաշտոնական կայքէջում իր ընդդիմադիր գործունեության մասին չհիշատակելու փաստն էլ իր ընդդիմադիր գործունեությունը մոռանալու կամ թաքցնելու միտում չունի: Նշենք, որ Ն. Կարապետյանը ներկայումս ՄԻԱԿ կուսակցության անդամ է: Նա հերքեց խոսակցությունները, թե ինքը ՄԻԱԿ-ից ՀՀԿ անցնելու մտադրություն ունի. «Ամենամեծ անհեթեթությունն է, որ երբեւիցե լսել եմ, ես հանդիսանում եմ ՄԻԱԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչ, ՄԻԱԿ-ի քարտուղար եմ ու չեմ պատրաստվում լքել իմ կուսակցությունը»:
«Ժողովուրդ» թերթն օրերս հիշեցրել էր, որ 2003-2004թթ նախագահական ու ԱԺ ընտրություններում Նաիրա Կարապետյանը ՝ Ստեփան Դեմիրճյանի «Արդարություն» դաշինքի վստահված անձ էր ու ակտիվ պայքարել է լցոնումների դեմ:
Թե ինչու է նախկին ընդդիմադիրը իր գործունեությունը իշխանական դաշտում շարունակում, Ն. Կարապետյանը բացատրեց. «Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ունեցել եմ մեկ նպատակ՝ նպաստել իմ հայրենիքի զարգացմանը եւ ուղղել Հայաստանը դեպի զարգացում՝ ներդնելով իմ համեստ ներուժը: Եթե հիշում եք, այն ժամանակ, երբ ես ընդդիմադիր կուսակցության անդամ էի, երկրի ղեկավարությունն այլ էր, ներկայումս գտել եմ իմ կիրառումը մի կուսակցությունում, որտեղ գնահատվում է երիտասարդ ներուժն ու նոր մոտեցումները: Գտնում եմ , որ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը իշխանամետ չէ, այլ պետականամետ է , մի կուսակցություն է, որը լավին լավ է ասում, վատին՝ վատ, եւ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը լիովին ընդունում եմ որպես իմ հոգեհունչ քաղաքականություն, եւ գտնում եմ, որ այսօր պետք է լինեմ այստեղ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ